Այն իշխանությունը, որը առավելագույնս սահմանափակում է կանխիկ գումարի շրջանառությունը, անգամ թոշակառուներին է ստիպում թոշակ ստանալ ու առևտուր անել բանկային քարտերով, այսօր որոշում է ընդունում, որով ոչ միայն չի սահմանափակում կանխիկի շրջանառությունը կրիպտոարժույթների պարագայում, այլև թույլ է տալիս, որ ևս 2 տարի այս ոլորտում կանխիկ շրջանառվի։
Առնվազն հարցեր են առաջանում, թե ինչու՞ է կոնկրետ ոլորտի համար թույլ տրվում կանխիկի շրջանառություն, հետևաբար ստվերի պահպանում, իսկ կոնկրետ ոլորտը ամենևին էլ պատահական ոլորտ չէ, քանի որ այսօր թմրանյութերի վաճառքները իրականացվում են հենց կրիպտոարժույթներով։
Կարո՞ղ ենք ենթադրել, որ իշխանության ներսում կան մարդիկ, որոնք թաթախված են կոնկրետ սխեմաների մեջ ու նրանց շահերից է բխում, որ այս ոլորտում ամեն ինչ շարունակվի կանխիկ, ուստի, անվերահսկելի և անտեսանելի լինել, ի՞նչ գումարներ են գալու կրիպտոարժույթներով և որտեղի՞ց են գալու, որոնք անհրաժեշտ է պահել ստվերում։ Ինչու՞ է արվում մի բան, որը անհնար է դարձնում բացահայտել թմրանյութերի շրջանառության ու իրացման ամբողջ շղթան։
Եթե թոշակառուի 50-60 հազար դրամ թոշակն են պարտադրում ստանալ անկանխիկ, ապա ինչու՞ է մի ոլորտի թույլ տրվում ու խրախուսվում կանխիկը, որտեղ խոսքը ոչ թե 50-60 հազար դրամի, այլ միլիոնավոր դոլարների մասին է, միլիոնավոր դոլարների, որոնց մեջ է մտնում նաև թմրանյութերի շրջանառության գումարները։
Նաև զարմացած եմ, որ ԱԺ-ում մեր ընդդիմադիր գործընկերները ներկա չէին այս նախագծի քննարկմանը ու այս հարցերը չբարձրացրեցին, իսկ սրանք չափազանց լուրջ հարցեր են։