Նիկոլ Փաշինյանն այդ մասին հայտարարել է «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակած տեսանյութում։
Հիշեցնենք, որ մայիսի 29-ին Աստանայում կայացած Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի նիստի շրջանակներում Միության անդամ 4 երկրների՝ Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի և Ղրղզստանի նախագահները հայտարարություն էին ընդունել Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի շուրջ իրավիճակի վերաբերյալ։ Նրանք Հայաստանի իշխանություններին կոչ էին արել հնարավորինս սեղմ ժամկետներում հանրաքվե անցկացնել Եվրասիական տնտեսական միության և Եվրամիության միջև ընտրություն կատարելու հարցով։
Փաշինյանը՝ ի պատասխան այդ հայտարարության, նշել է, որ Հայաստանը կշարունակի աշխատել Եվրասիական տնտեսական միության շրջանակում մինչև այն պահը, երբ Եվրամիության և ԵԱՏՄ-ի միջև ընտրություն կատարելը դառնա անխուսափելի։
«Եվրասիական տնտեսական միության մեջ մենք աշխատում ենք և շարունակելու ենք աշխատել մինչև այն պահը, երբ այլևս ընտրություն կատարելը Եվրամիության և Եվրասիական տնտեսական միության միջև կլինի անխուսափելի, իսկ որոշումը, բնականաբար, պետք է կայացնի Հայաստանի Հանրապետության ժողովուրդը՝ հանրաքվեով»,- ասել է նա։
Վարչապետը նշել է, որ ներկայում նման հանրաքվե անցկացնելու հիմքեր չկան, քանի որ Հայաստանի՝ եվրոպական ինտեգրման գործընթացը դեռ այն փուլում չէ, երբ քաղաքացիներին հնարավոր լինի ներկայացնել հստակ ընտրություն։
«Մինչև այն պահը, երբ Հայաստանը պաշտոնապես չի դիմել Եվրամիությանը անդամագրվելու համար կամ Եվրամիության անդամության թեկնածուի կարգավիճակին շատ մոտ չէ, որևէ հանրաքվե անելը անտրամաբանական է»,- նշել է Փաշինյանը։
Նրա խոսքով՝ այսօր նման ընտրությունը դեռևս տեսական բնույթ է կրում։
«Այսօր այդ ընտրությունը տեսական է, և տեսական ընտրությունը հանրաքվեի դնելը, իհարկե, այնքան էլ խելամիտ և ճիշտ չէ, հիմնավորված չէ»,- ասել է վարչապետը։
Փաշինյանը նաև ընդգծել է, որ Հայաստանը շարունակելու է հանգիստ և գործընկերային աշխատանքը ԵԱՏՄ շրջանակում։
«Հետևաբար, մենք կշարունակենք հանգիստ, հանդարտ, առանց նյարդի, առանց վիճաբանությունների աշխատել Եվրասիական տնտեսական միությունում, և ես համոզված եմ, որ մենք այս ուղղությամբ դեռ պոտենցիալ ունենք, որն առաջիկայում կօգտագործենք»,- հայտարարել է նա։