«Ադրբեջանի կողմից շրջանառության մեջ է դրվել «Արևմտյան Ադրբեջան» կոչվող ֆեյք թեզը, որը որևէ պատմական կամ իրավական հիմք չունի։ Այսօր նրանք փորձում են Ղարաբաղյան հակամարտությունը համեմատել այդ կեղծ թեզի հետ, ինչը ոչ միայն անհասկանալի է, այլև իր մեջ լուրջ վտանգներ է պարունակում։ Պետք է հստակ արձանագրել, որ խոսքը միմյանց հետ որևէ կապ չունեցող թեմաների մասին է։ Այո՛, Սովետական Ադրբեջանում տարբեր ժամանակահատվածներում ապրել է ավելի քան 360 հազար հայ, ինչպես նաև Սովետական Հայաստանում ապրել են ադրբեջանցիներ։ Սակայն այս փաստերը որևէ կերպ չեն կարող հիմք ծառայել նման վտանգավոր ու մանիպուլյատիվ թեզեր առաջ քաշելու համար»։
«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի զրուցակիցը Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Դանիելյանն է։
«Կարևոր է հասկանալ, թե ինչ պայմաններում և ինչ հետևանքով ադրբեջանցիները դուրս եկան Հայաստանից, իսկ հայերը՝ Ադրբեջանից։ Այս գործընթացները արհեստականորեն իրար կապելը կամ նույն հարթության վրա դնելը անընդունելի է։ Եթե սա է մեր արտաքին քաղաքականությունը և արտաքին քաղաքականության արդյունքում ստանում ենք նման իրավիճակ, ապա դա լուրջ խնդիր է։ Այս մոտեցմամբ պետք է սպասել Ադրբեջանի կողմից ավելի մեծ և ավելի վտանգավոր հարվածների։ Այդ կեղծ ու վտանգավոր թեզերը պետք է ամբողջությամբ դուրս մղվեն հայկական իրականությունից»։
🎦զրույցն ամբողջությամբ