Ազգային ժողովում շարունակվում է հանձնաժողովների նախագահների թեկնածությունների քննարկումը։ Երեկվա լարված միջադեպից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանն այսօր վերադարձել է նիստերի դահլիճ։
Ղազարյանն այսօր չի նստել իր նախկին տեղում, որտեղ նստում էր նոր խորհրդարանի աշխատանքի մեկնարկից ի վեր։ Նա տեղափոխվել է դահլիճի վերջին շարք՝ ավելի մոտ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավորներին։
Նիստի սկզբում ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը դիմեց Ղազարյանին՝ հարցնելով՝ ասելիք ունի՞։ Ընդդիմադիր պատգամավորը պատասխանեց, որ հարցը նման ձևաչափով քննարկում չի պահանջում։
Ռուբինյանն այնուհետև «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանից հետաքրքրվեց՝ նա ասելիք ունի՞, Կարապետյանը պատասխանեց՝ ոչ։
Նարեկ Կարապետյանը երեկ հայտարարել էր, որ Էդգար Ղազարյանի շուրջ ստեղծված իրավիճակը խմբակցությունում կքննարկեն և հետագա քայլերի մասին տեղյակ կպահեն։ «Ուժեղ Հայաստանը» դեռ չի հայտնել՝ ինչ եզրահանգման է եկել։