Ռուբինյանը շեշտել է, որ ՔՊ կուսակցության վարչության ընթացակարգերը տարբեր պաշտոններում թեկնածու ընտրելիս կամ տարբեր որոշումներ կայացնելիս միշտ նման են։
«Թեկնածուները ելույթներ են ունենում, հնչում են հարցեր, հետո լինում են եզրափակիչ ելույթներ ու քվեարկություն։ Կոնկրետ այս դեպքում բոլոր թեկնածուները ներկայացրել են իրենց տեսլականը, փորձել են ընդգծել իրենց առավելությունները և գրանցվել է հայտնի արդյունքը։ Չեմ կարող ասել՝ դա սպասելի էր, թե ոչ, սակայն արդյունքից շոյված եմ։ Վստահությունը ինձ համար շատ պարտավորեցնող է, բայց չեմ կարող ասել, որ ինչ-որ բան պետք է ավելի լավ անեմ, քան նախորդ նախագահը։ Ալեն Սիմոնյանը շատ լավ ԱԺ նախագահ է եղել և առաջինն է, ով նախագահել է մինչև ժամկետի ավարտը։ Հայկ Կոնջորյանը եղել է խմբակցության շատ լավ ղեկավար։ Մենք նախորդ հինգ տարիների ընթացքում իրականացրել ենք շատ մեծ և պատասխանատու աշխատանք՝ անցնելով մեծ փորձությունների միջով»,- ասաց Ռուբինյանը։
Նա հավելեց, որ իրենց թիմի մասնակցությամբ և աջակցությամբ է տեղի ունեցել խաղաղության հաստատումը Հայաստանի և Ադրբեջանի միջև, ուստի նպատակաուղղված են միասին շարունակել աշխատել։