‼️Բաց նամակ
Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հարգարժա՛ն աշխատողներ,
Եթե մենք ունենայինք Հայաստանի շահերը պաշտպանող կառավարություն, առաջինը հենց այդ կառավարությունը պետք է շնորհակալություն հայտներ ձեզ՝ մեր ազգային հիշողությունը, մեր նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին պատմություններն օտարերկրացի բարձրաստիճան հյուրերին ներկայացնելու համար, բայց փոխարենը ձեզ ճնշումների են ենթարկում ձեր աշխատանքն անելու համար։
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը պարզապես գիտական հաստատություն չէ․ այն մեր ժողովրդի պատմական հիշողության, արժանապատվության և արդարության պահանջի խորհրդանիշներից է։
Դրա նկատմամբ քաղաքական միջամտությունը ոչ միայն ակադեմիական ազատության սահմանափակում է, այլ նաև ծանր հարված մեր ազգային հիշողությանը, մեր ինքնությանը։
Մեր պատմության մեջ երբեք չի եղել ավելի արդար պայքար, քան հայ ժողովրդի պայքարն Արցախում խաղաղ և անվտանգ ապրելու համար։ Դա պայքար էր, որ այն, ինչ տեղի ունեցավ մեր ժողովրդի հետ 1915 թվականին՝ այլևս երբեք չկրկնվի։
Արման Թաթոյան