Համոզված եմ՝ Փաշինյանին ու Ալիևի այլ ծառայամիտներին իշխանությունից հեռացնելուց հետո հնարավորություն է բացվելու թե՛ Ռուբենի, թե՛ մեր մյուս հայրենակիցների վերադարձի համար։ Նույն Փաշինյանը ունեցել է ռեալ հնարավորություն այդ հարցը լուծելու օգոստոսի 8-ին, բայց փաստը մնում է փաստ, որ չի արել։
Այսօր Ռուբենի ծնունդն է։ Առհասարակ, այս մարդը շատ յուրահատուկ կերպար է՝ հաճախ չհասկացված, հաճախ չգնահատված, հաճախ դավադրապաշտական տեսությունների ներքո ներկայացված, բայց եթե նայես իրողություններին, իր արածները Հայաստանի համար զուտ ֆինանսական չեն, դրանք բարոյական են, փիլիսոփայական են, ու հենց դա Ռուբենի մասին է։ Նույն «Ավրորայի» մրցանակաբաշխությունը Հայաստանում շատ քչերը հասկացան, թե ինչ բացառիկ հումանիզմ էր պարունակում, որքան վեհություն էր հաղորդում հայ ժողովրդին այն բանի համար, որ անգամ Ցեղասպանություն վերապրելուց հետո ունակ է լինել շնորհակալ, ունակ է ուրիշներին օգնել փրկել կյանքեր, կանխել ցեղասպանություններ։ Վստահ եմ՝ ի հեճուկս բազմաթիվ վերլուծությունների, Ռուբենի գնալն էլ Արցախ հենց դրա համար էր. ինքը ուզում էր բացառել Արցախում ցեղասպանությունը։ Ինքը դրա համար շատ թանկ գին վճարեց՝ վճարեց իր ազատությամբ։ Ռուբենին հետաքրքիր չէ ու անկարևոր է, թե իր հետևից ով ինչ կխոսի, քանի որ ինքը իր ներսում գիտի, որ արդար է ու ազնիվ ինքն իր հետ։ Դա ամենակարևորն է մարդու համար, հատկապես բարդ իրավիճակներում։
Միևնույն ժամանակ, երբ ես կարդում եմ այս մարդու նամակները, լսում նրա հաղորդագրությունները, հասկանում եմ, որ բացառիկ մոտ է Աստծուն, որ հենց հավատով է զորեղ, հենց հավատով է կամային։ Տա Աստված՝ Ռուբենն էլ, մեր մյուս հայրենակիցներն էլ ազատվեն գերությունից, գան հասնեն իրենց հարազատներին, իրենց ընտանիքներին։ Դա ինձ համար ազգային արժանապատվության և արդարության հարց է։ Վստահ եմ՝ շատ հայերի համար էլ է այդպես։