«Երկարատև խաղաղության համար միշտ պետք է մի քանի անգամ ուժեղ լինենք մեր պոտենցիալ թշնամիներից». Ալիևի «քաղաքական դասը»՝ Փաշինյանին■
«Բայց նաև մենք այս պատմությունը չպետք է մոռանանք, որպեսզի դրանից հետո ապրենք խաղաղ և անվտանգ
»:
■
«Ճիշտ է՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հիմա խաղաղության գործընթաց է գնում, որի նախաձեռնողը մենք են եղել: Դա բոլորը գիտեն: Խաղաղության պայմանագրի տեքստի և դրանում առկա բոլոր առաջարկների հեղինակը ևս մենք ենք: Բայց ինչպե՞ս մենք կարող ենք մոռանալ օկուպացիան: Ինչպե՞ս մենք կարող ենք մոռանալ մեր շեհիդներին: Ինչպե՞ս մենք կարող ենք մոռանալ Խոջալուի զոհերին, այլ անմեղ մարդկանց մահը: Մենք երբեք չենք կարող և չպետք է մոռանանք դա: Որովհետև պատմական հիշողությունը միշտ պետք է մեր սրտերում լինի: Մեր շեհիդների պայծառ հիշատակը պետք է հավերժ մեր սրտերում ապրի, մենք չպետք է երբեք խաբվենք քաղցր խոսքերով: Սա ես կրկնում եմ ևս մեկ անգամ: Ես առաջին անգամ չէ, որ խոսում եմ այս մասին: Մենք պետք է զգոն լինենք, միշտ պետք է ուժեղ լինենք: Հենց դրա համար էլ մենք վերջին հինգ տարում զգալիորեն ամրացրել ենք մեր բանակային ներուժը, որի մի մասն անցած ամիս ամբողջ աշխարհը կարողացավ տեսնել զորահանդեսի ժամանակ: Երկարատև խաղաղության համար մենք միշտ պետք է մի քանի անգամ ուժեղ լինենք մեր պոտենցիալ թշնամիներից: Մենք ապահովում և ապահովելու ենք դա
»:
■ «Բաքվի «ռազմավարի այգում» ցուցադրված է նաև «Իսկանդեր-Մ»-ից արձակված բալիստիկ հրթիռի բեկորները, որը Հայաստանը չպետք է ունենար, որովհետև դրա արտահանումն արգելված է: Արտահանման թույլատրելի տարբերակ է, եթե կարելի է այսպես ասել, «Իսկանդեր-Է»-ն: Ինչպե՞ս է «Իսկանդեր-Մ»-ից Շուշիի ուղղությամբ հրթիռ արձակվել, այ սա մեծ հարց է»:
■ Իհարկե, Ադրբեջանի նախագահի այս հայտարարությունը, ըստ էության, մեսիջ է՝ ուղղված և՛ Հայաստանին, և՛ Ռուսաստանին, որը ժամանակ առ ժամանակ հնչեցվելու է, մինչև գուցե ՌԴ-ն ինքն այդ թեման չփակի:
Մյուս կողմից, հիշում ենք ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի՝ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանին ուղղված
«մեղադրանքը», թե «Իսկանդերի» կիրառման խայտառակ պլան է հաստատել: Մի առիթով
168.am-ի հետ զրույցում ԳՇ պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանն
ասել էր, որ դրա նպատակը ընդամենը սա էր՝
«երևի էդ ձևով մեզ ինչ-որ բա՞ն են ուզում ասել»: Իսկ իրականում թեման կարճ ժամանակ մնաց քննարկումների օրակարգում, հետո մոռացվեց, և այն չբացվեց հետո, թերևս Օնիկ Գասպարյանի՝ Քննիչ հանձնաժողով 2 անգամ գնալու և հարցաքննվելու արդյունքում: Թե ինչ է ասել գեներալ-գնդապետն այնտեղ՝ որքանո՞վ էր այն խայտառակ, ինչո՞ւ է կիրառվել հենց Շուշիի ուղղությամբ, ինչպես ակնարկել են նաև իշխանական շրջանակներից, բնականաբար, հայտնի չէ: Իսկ թեման առնվազն Բաքուն՝ ըստ քաղաքական նպատակահարմարության, շրջանառելու է ժամանակ առ ժամանակ:
Ի դեպ, երբ Անդրանիկ Քոչարյանին
2020-ի սեպտեմբերի 28-ին լրագրողները հարցրել էին՝
ինչո՞ւ մեր «Իսկանդերը» գործի չենք դնում, ինչո՞ւ չենք թիրախավորում հակառակորդի նավթահորերը՝ Անդրանիկ Քոչարյանը
պատասխանել էր.
«Լավ ենք անում, երբ որ պետք լինի՝ գործի կդնենք: Դա թողեք զինվորական մասնագետներին: Կարծում եմ, որ դուք գոնե այս երկու օրերին ռազմական գործողությունների տրամաբանությունից չեք նկատում քաոսային, իրավիճակային որոշումներ: Դուք տեսնում եք քայլերի տրամաբանություն»:
Արդյո՞ք միայն զինվորականությունն է որոշել «Իսկանդերը» կիրառել Շուշիի ուղղությամբ, որտեղ չպիտի կիրառվեր, չենք կարող ասել, մինչև զինվորականությունը չխոսի, ինչը քիչ հավանական է, քանի որ անվտանգությանը և դաշնակցային հարաբերություններին վնասելու հարցեր են առաջ քաշելու: Իսկ հարցերը քիչ չեն, կարևոր են, որոնք ինչ-որ կերպ պիտի հանրային պատասխան ստանան:
Ի դեպ, հիմա էլ «Իսկանդերի» շուրջ այլ խոսակցություններ են զարգանում, որը դարձյալ պիտի իր արձագանքը գտնի՝ սկսած պայմանագրի բովանդակությունից, սահմանված իրավունքներից և պարտականություններից:
Դեկտեմբերի 24-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ստեփանակերտում բացել է «Հաղթանակի զբոսայգի»։