⚡️Խայտառակ իրավիճակ՝ միասնական քննություններում․ ԳԹԿ-ի բաժանած թեստերը սխալ են եղել ու թերի կազմված
Ընդունելության միասնական քննության թեստերում խառնաշփոթ է ու խայտառակ իրավիճակ։ Makaryan News-ին այսօր քննության մասնակցած դիմորդներից Մարի Կարապետյանի հայրը՝ Դավիթ Կարապետյանն ահազանգեց, որ իր դստերը բաժանված քննական թեստը սխալ ու թերի է կազմված եղել, վարժությունները կիսատ-պռատ են եղել և ոչ միայն։
«Աղջիկս այսօր անգլերենի միասնական քննության էր, թիվ 142 դպրոցում էր հանձնում քննությունը, թեստը բաժանել են, ու թեստը կիսատ է եղել, սխալ է եղել, երեխան ասում է՝ 62-րդ վարժությունից թռնում էր 69 վարժություն, ինչ-որ կիսատ-պռատ է եղել, ու ժամուկես հետո, երբ որ մի շարք երեխաներ, այդ թվում՝ իմ աղջիկը, հասկացել են, որ ոչ նորմալ թեստ են տվել, ինչճոր սխալ քսերոքս է եղել, մեկը մյուսի հետ չի բռնել, խայտառակ վիճակ է եղել, նոր հարցը բարձրացրել են, որից հետո նոր մի էջ էլ են բերել, տվել իրենց, ասել են՝ սա էլ պիտի հետը լուծեք; Ենթադրում եմ՝ ԳԹԿ-ից է ի սկզբանե սխալը եկել, իրենք են ուղարկել այդ փնթի թեստերը»,-ասաց դիմորդի հայրը։
Նրա խոսքով՝ միայն այդ դպրոցում չի եղել տվյալ խնդիրը, իրենք իմացել են, որ այլ դպրոցներում էլ է նմանատիպ խնդիր եղել։
«ԳԹԿ-ից ի սկզբանե անփույթ, անպատասխանատու մոտեցում է եղել։ Այսինքն՝ մեր պետությունը կազմակերպում է քննություն, որ դիմորդները ընդունվեն բուհ, ու էսպիսի մոտավորապես ու փնթի կերպով են կազմակերպում, ես իմ կյանքի ընթացքում էսպիսի խայտառակություն երբևէ չէի տեսել, որ քննության մեկնարկից ժամուկես հետո գան ասեն՝ էս թեստը սխալ է»,-ասաց մեր զրուցակիցը՝ հիշելով, որ անցյալ տարի էլ իր որդու հետ կապված է ԿԳՄՍ-ի ու ԳԹԿ-ի այս փնթի վիճակի հետ առնչվել։
Դավիթ Կարապետյանն ասաց նաև, որ այս հարցով իրենք դիմել են նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, որտեղից ասել են՝ տեղյակ են խնդրից, բայց հորդորել են դիմել ԿԳՄՍ նախարարություն։
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ