Ղարաբաղյան երկրորդ պատերազմում Հայաստանի պարտությունից հետո Երևանի լիբերալ շրջան…

Ղարաբաղյան երկրորդ պատերազմում Հայաստանի պարտությունից հետո Երևանի լիբերալ շրջանակներում (փորձագետների, լրագրողների, ՀԿ դաշտի ներկայացուցիչների մոտ) բավականին պոպուլյար է դարձել նարատիվը այն մասին, որ Սերժ Սարգսյանը Ապրիլյան պատերազմից հետո հակված է եղել գնալ հակամարտության փոխզիջումային լուծման, սակայն արցախյան էլիտայի հակազդեցության պատճառով ի վերջո ստիպված էր հետ կանգնել այդ որոշումից։ Այս նարատիվի արմատները ամենայն հավանականությամբ հենց ապրիլյան էսկալացիային հաջորդած շրջանում մամուլում հայտնված որոշ հրապարակումներն են, որոնց ապագայում երևի հնարավորություն կլինի անդրադարձ կատարել ալիքում։ Սակայն ակնհայտ է նաև, որ այս նարատիվը նպատակաուղղված կերպով օգտագործվում է նաև տարբեր շրջանակների կողմից։
Այնուամենայնիվ, 2007-ից 2018 թվականը ընկած ժամանակահատվածում Երևանի ու Ստեփանակերտի փոխհարաբերությունների դինամիկային քիչ թե շատ ծանոթ մարդկանց համար վերոնշյալ նարատիվը աբսուրդի ժանրից է։ Պատմականորեն Ստեփանակերտը մշտապես կախվածության որոշակի աստիճան էր ունեցել Երևանից։ Սակայն 2007 թվականից սկսած, երբ Արցախում նախագահի պաշտոնում ընտրվեց Սերժ Սարգսյանի մտերիմ թիմակից, արցախյան հանրության բացարձակ մեծամասնության շրջանում ճանաչելիություն չունեցող Բակո Սահակյանը, այդ կախվածությունը վերածվեց Ստեփանակերտի սուբյեկտայնության ամբողջական կորստի։ Ուժայիններից բաղկացած Բակո Սահակյանի նեղ շրջափատը, որը դե ֆակտո կառավորում էր Արցախը, ևս ամբողջական վերահսկողության տակ էր գտնվում Սարգսյանի կողմից և որևէ պարագայում չէր կարող դեմ գնալ Երևանի որևէ որոշմանը՝ այդ թվում հակամարտության կարգավորմանը առնչվող հարցերում։
Այս անհերքերլի իրողությունը ապացուցող ամենավառ դրվագը տեղի է ունեցել հենց Ապրիլյան պատերազմից անմիջապես հետո։ 2016 թվականի ամռանը Սերժ Սարգսյանը Ստեփանակերտ էր ժամանել, որպեսզի արցախյան վերնախավին ներկայացնի ռուսական առաջարկները, որոնք հետագայում հայտնի դարձան որպես «Լավրովի պլան»։ Սարգսյանը Ստեփանակերտում այդ օրերին հանդիպումներ ունեցավ պատգամավորների, ռազմաքաղաքական էլիտայի ու Ղարաբաղյան շարժման ակտիվիտների հետ։
Առավել հատկանշական էր հենց ԱԺ խմբակցությունների ու ռազմաքաղաքական վերնախավի հետ Սարգսյանի հանիպումը, որը տեղի էր ունեցել նախագահականում և տևել էր մինչև ուշ գիշեր։ Հենց այդ հանդպման մասին մամուլում հրապարակումներ եղան, ըստ որոնց որոշ գործիչներ դուռը շրխկցնելով դուրս էին եկել (Գեորգի Պետրոսյան), իսկ մյուսները սպառնացել էին անձամբ գնդակահարել հող հանձնողներին (Վիտալի Բալասանյան)։
Իրականության մեջ հանդիպումը ամբողջովին այլ մթնոլորտում էր տեղի ունեցել։ Սերժ Սարգսյանը հանդիպման սկզբում ներկայացրել էր բանակցային բարդ իրավիճակը, սեղանին դրված առաջարկները և խոսել փոխզիջումների գնալու անհրաժեշտության մասին։ «Ստեփանակերտ-Ստեփանակերտ» երգելու մասին հայտնի արտահայտությունը ևս այդ հանդիպման ընթացքում էր արվել։
Ներկաներից մի քանիսը փորձել էին հակադարձել կամ քաջալերել Սարգսյանին, բայց Հայաստանի նախագահը շատ կոպիտ բառապաշարով լռեցրել էր ելույթ ունեցողներին։ Այսպես, «Հայրենիք» խմբակցության նախագահ Արթուր Թովմասյանը առաջինն էր խոսք վերցրել։ Նա, մասնավորապես, նշել էր, որ նրանք բոլոր պատրաստ են կանգնել նախագահի մեջքին և հարկ եղած դեպքում առաջ գնալ։ Թովմասյանի խոսքից հետո Սերժ Սարգսյանը թեքվել էր դեպի Բակո Սահակյան և ասել․ «Բակո, դու սրանց հետ ընդհանրապես չե՞ս խոսում, չե՞ս ասում, թե ինչ ենք բանակցում»։ Թովմասյանը այնքան էր նեղվել Սարգսյանի այդպիսի արձագանքից, որ հետագայում նույնիսկ նրա նկարը հանել էր իր սենյակից։
Այս դետալների մասին մեզ պատմել էին հենց հանդիպմանը մասնակցած պատգամավորները։ Մենք մինչև ուշ գիշեր «Վերածնունդ» խմբակցության (որին, բնականաբար, չէին հրավիրել այդ քննարկմանը) ԱԺ-ի գրասենյակում մի քանի հոգով սպասում էինք հանդիպման ավարտին։ Երբ պատգամավորները խմբով դուրս եկան նախագահականից, հնարավորություն ունեցանք շփվել նրանց հետ և իմանալ հանդիպման բովանդակության մասին։ Իշխանական պատգամավորներից մեկը, որը այժմ բարեհաջող կերպով իր բիզնեսների մի մասին հետ տեղափոխվել է ԱՄՆ, մեզ ասաց․ «Սերժը մեզ բոլորիս 10։0 արեց, միայն Վիտոյին (Բալասանյան)՝ 5։0։ Որովհետև նա ոչինչ չխոսեց»։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *