Կիսված կյանքերիցԿիսատված մահեր,Կիսատված արցունքԿիսված արյունի։Կիսված մտքերիցԿիսա…

Կիսված կյանքերից
Կիսատված մահեր,
Կիսատված արցունք
Կիսված արյունի։
Կիսված մտքերից
Կիսատված հոգի,
Կես դարձած մարմին
Կիսատված սրտի։
Կիսված հայացքներ
Կիսված ապրումի,
Կիսված ապագա
Կիսատված հույսի։
Կիսված արեգակ
Կիսատված լուսին,
Կես դարձած երկրի
Կիսատված երկինք։
Կիսված հավատքի
Կիսատված աղոթք,
Կիսված տաճարի
Կիսատված քարոզ։
Կիսված տեսիլքի
Կիսված երազներ,
Կիսված նայվածքով
Կիսատված աչքեր։
Կիսատված մարդկանց
Կիսված տիեզերք,
Կիսատված աշխարհ
Կես դարձած եզերք։
Կիսված չընտրության
Կիսված ընտրություն,
Կիսատ աթոռին
Կիսված մթություն։
Կիսատված գլխում
Կիսացած հղացք,
Կիսված թռիչքի
Կիսատված ճախրանք։
Կիսված երկունքով
Կիսատված ծնունդ,
Կիսահղացած
Կես դարձած սերունդ։
Կիսված ճամփեքի
Կիսատված ճամփորդ,
Կիսված աղբյուրից
Կիսահագեցող։
Կիսված ուխտավոր
Կիսատված ուխտի,
Կիսված խնկարկում
Կիսված խորանին։
Կիսված պատմություն
Կիսատված սիրո,
Կիսաձև պատանք
Կիսատ շիրիմի։
Կեսմեռել թափոր
Կիսատված թաղման,
Կես հոգեհանգիստ
Եվ կես հոգեհաց։
Ստվերներ դարձած
Սեփական կեսի,
Կիսված ստվերը
Սեփական եսի։
Կիսագիշերվա իրականության
Կիսակյանք դարձած նշույլն ամբողջի
Կփշրի շղթան կես կապանքների
Աննվազ հույսով նվաճող լույսի։
Կծագի շողը հաղթող համայնի,
Ինչպես նշխարը ցորենահավաք,
Խաչված ու Հաղթած Պատարագվողի
Զոհասեղանին ընծայված արյամբ։
Կրկին կճախրես վերհառնո՜ղ հոգի,
Կես մոխիրներից մխացող կեսի
Կելնեն գնդերդ հրե կառքերի,
Որպես դատաստան կես-կիսատների։
Բագրատ եպիսկոպոս Գալստանյան (Տավուշեցի)
09-10.11.2021
#Բագրատ_Սրբազան #ՏաՀույս
Телеграм канал: @togarma301

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *