Փաշինյանը կոնյուկտուրշիկ է, նա չունի ոչ մի երևույթի մասին համոզված պատկերացում։ …

Փաշինյանը կոնյուկտուրշիկ է, նա չունի ոչ մի երևույթի մասին համոզված պատկերացում։
Երեկ մի ժամանոց դասախոսություն էր կարդում այն մասին, թե ինչպես է «պատմական հայրենիքի» գաղափարը, այդ զգացողության կրումը վնասում «իրական հայրենիքին», որտեղ ապրում ենք։ Ակնարկում էր, որ ԽՍՀՄ-ը՝ իբրև կայսրություն, իր աշխարհաքաղաքական շահերից ելնելով, Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Սովետական Հայաստանում զարգացրեց հակաթուրքականությունը, որովհետև Թուրքիան դառնում էր ՆԱՏՕ-ի անդամ ու, հետևաբար, սպառնալիք Խորհրդային կայսրությանը։ Հետո հիշեցնում, որ հենց ԽՍՀՄ օրոք մեզ ներշնչեցին «կորուսյալ Հայրենիքի» գաղափարն ու անգամ բերում դրա օրինակները՝ Սովետական Հայաստանի բնակավայրերի անվանումը Արևմտյան Հայաստանում ու Կիլիկիայում թողածներով՝ Նոր Խարբերդ, Նոր Մարաշ, Նոր Հաճն և այլն։
Ես ուզում եմ հիշել, թե արդյո՞ք Հայաստանի նախկին ղեկավարների օրոք երբևիցե ինչ-որ մեկն ակնարկե՞լ է «պատմական Հայրենիքի մասին», ու ոչ մի կերպ չեմ կարողանում գտնել նման վկայություն։ Ո՜չ Տեր-Պետրոսյանը, ո՜չ Քոչարյանը, ո՜չ Սարգսյանը երբեք իրենց խոսքում, հրապարակային ելույթներում, քննարկումներում, ուղերձներում ու հարցազրույցներում ակնարկ անգամ չեն արել «կորուսյալ հայրենիքի» մասին, որպեսզի դա չգնահատվի իբրև տարածքային պահանջ Թուրքիայից։
Իսկ հետաքրքի՞ր է, կա՞ մեկը, որի օրոք նման բան արվել է։ Իհարկե կա՝ Նիկոլ Վովայի Փաշինյանի։ Հիշու՞մ եք նրա ելույթը Մյունխենում, որտեղ կոտրատված անգլերենով Ալիևին ասում էր, թե Տիգրան Մեծի ժամանակ Ադրբեջան չկար։ Հիշու՞մ եք նրա հեղափոխական թիմի կարկառուններ Սուրեն Պապիկյանի ու Ալեն Սիմոնյանի նռերով նկարները՝ արված Աղդամում, որով իբր Սերժ Սարգսյանի ինադու հայտարարում էին, թե «Աղդամը իրենց հայրենիքն է»։ Հիշու՞մ եք նույն Փաշինյանի հայտարարությունները, թե Թուրքիան վերադարձել է Հարավային Կովկաս, որ ավարտի Հայոց ցեղասպանությունը։
Այս ամենը եղել է, հիմա էլ դրա ուղիղ հակառակն է։ Հիմա էլ Փաշինյանը նոր հսկայական իբր փիլիսոփայական կոնցեպտ է առաջարկում, որն ունի մի սովորական, տրիվիալ, գավառական ու գռեհիկ նպատակ՝ այս սոուսի տակ արդարացնել չորս գյուղերի միակողմանի հանձնումն ու դեռևս սպասվող զիջումները։ Սա է։ Նրա օրոք Հայաստանին անվտանգային գարանտիա տալիս է միայն մեկ երկիր։ Այդ երկիրը ոչ Ռուսաստանն է, ոչ էլ Արևմուտքում է։ Այդ երկիրը Թուրքիան է, որն էլ մեր քարտեզի ու բովանդակության մասին իր պատկերացումներն ունի։ Այ նրան էլ ուղղված է մեր ընտրյալի բոլոր խոսքերը։ Մնացածը ճոռոմաբանություն է։
Նարեկ Գալստյան

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *