Վրաստանում տեղի ունեցած, կամ տեղի ունեցող մի իրադարձություն մեզ քիչ հետաքրքրեց, …

Վրաստանում տեղի ունեցած, կամ տեղի ունեցող մի իրադարձություն մեզ քիչ հետաքրքրեց, բայց թերեւս նաեւ մեր խնդիրների մասին է:
Բիձինա Իվանիշվիլին, որ 2020 թվականին հայտարարել էր քաղաքականությունից հեռանալու մասին, 23-ի նախավերջին օրը հայտարարեց, որ վերադառնում է ակտիվ քաղաքականություն: Առայժմ դա Վրացական երազանքի պատվավոր նախագահի կարգավիճակով է, բայց ըստ ամենայնի՝ առայժմ:
2024-ը Վրաստանի համար թե նախագահի, թե խորհրդարանի ընտրության տարի է: Իվանիշվիլու վերադարձը խոսում է այն մասին, որ նա տեսնում է թերեւս բավականին մեծ քաղաքական ռիսկեր: Բնական է, որ այդ ռիսկերի աղբյուրները արտաքին իրողություններն են: Վրաստանը այդ իմաստով հանգուցային է՝ Սեւծովյան ավազանի ու Կովկասի «կապակցող» օղակը:
Վրաստանի հարցը այն է, ինչ էապես առնչվում է թե լոկալ, թե մեծ իմաստով ռեգիոնի անվտանգության միջավայրին, հետեւաբար նաեւ՝ Հայաստանի անվտանգության միջավայրին:
Այն, որ Իվանիշվիլին վերցնում է ղեկն իր անմիջական ձեռքը, այսինքն ստվերային ազդեցությունից անցնում հրապարակային պատասխանատվություն ստանձնելու, ըստ իս Վրաստանում կայունության ապահովման միտված, կայունություն անշուշտ ոչ երաշխավորող, սակայն հնարավորությունը մեծացնող քայլ է: Իսկ Վրաստանում կայունությունը Հայաստանի համար կարեւոր է միշտ:
Հակոբ Բադալյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով