1991 թվականի սեպտեմբերի 2-ին, Լեռնային Ղարաբաղի (Արցախի) հայ ժողովուրդը, հիմք ըն…

1991 թվականի սեպտեմբերի 2-ին, Լեռնային Ղարաբաղի (Արցախի) հայ ժողովուրդը, հիմք ընդունելով ԽՍՀՄ Սահմանադրության դրույթները և միջազգային իրավունքի նորմերը՝ մասնավորապես ՄԱԿ-ի Կանոնադրությունը և ազգերի ինքնորոշման անքակտելի իրավունքը, հռչակեց Արցախի Հանրապետությունը։
Այս հռչակումը կատարվել է լիարժեք իրավական հիմքով, համապատասխանաբար՝ ՄԱԿ-ի Կանոնադրության 1-ին հոդվածի 2-րդ կետին, «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրին, ինչպես նաև Հելսինկյան եզրափակիչ ակտին, որոնք ամրագրում են ազգերի ազատ կամարտահայտման իրավունքը։
Հետևաբար, Արցախի կարգավիճակը չի կարող որոշվել որևէ միանձնյա քաղաքական հայտարարությամբ կամ կամայական գնահատմամբ, լինի դա Հայաստանի որևէ նախկին նախագահ, ներկայիս վարչապետ, թե այլ ներկայացուցիչ։
Արցախի հարցը փակ կամ բաց չէ որևէ իշխանության որոշմամբ, այն բաց է միջազգային իրավունքի ուժով և մնում է օրակարգում՝ մինչև Արցախի ժողովրդի իրավունքների լիարժեք վերականգնումը։
150,000 արցախահայեր իրենց պատմական հողից չեն հրաժարվել և երբեք չեն հրաժարվելու։ Նրանց վերադարձը Արցախ՝ իրենց տները, պատմությունը և ինքնությունը վերագտնելու իրավունքի իրագործումն է։ Դա իրավունքի, արդարության և ինքնության պայքար է, որը չի ավարտվում ռազմական գործողություններով կամ քաղաքական պարտադրանքներով։
Մենք չենք պարտվել։
Պարտվում են նրանք, ովքեր դադարում են պայքարել, ովքեր մոռանում են արդարությունը հանուն ժամանակավոր լռության։
Պարտվել են բոլոր ժամանակների այն իշխանությունները, ովքեր չունեցան քաղաքական կամք և ազգային արժանապատվություն՝ պաշտպանելու Արցախի իրավական ու քաղաքական կարգավիճակը և ճանաչելու նրա ինքնորոշումը։
Արցախի հարցը միայն տարածքային վեճ չէ։
Սա հայ ժողովրդի անվտանգության, պատվի և ապագայի հարցն է, որը հստակորեն դուրս է քաղաքական պայմանականությունների սահմաններից։
Այս պայքարը շարունակվում է՝
և այն կշարունակվի մինչև Արցախի ժողովուրդը՝ միջազգային իրավունքի և արդարության հենքի վրա,
վերագտնի իր տեղը՝ սեփական հողում, ապահով, ազատ և արժանապատիվ։
Հավերժ փառք բոլոր անմահացած մեր Հերոսներին

Արսեն Սարգսյան

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով