ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Մենք խստորեն դատապարտում ենք ՀՀ իշխանության անպատասխանատվությունն ու ապիկարությունը, որը բերել է Նուբարաշենում տեղի ունեցած աղետալի հրդեհներին, որոնք վկայում են պետական կառավարման լուրջ ճգնաժամի և գերատեսչական անգործության մասին։
Այս հրդեհները կանխարգելելի էին։ Բայց ինչպես հաճախ՝ կանխարգելումը մնում է բառակույտ, ոչ թե գործողություն։ Քաղաքացիների անվտանգությունն ու առողջությունը անտեսվել են՝ ի հեճուկս բնապահպանական, հիգիենիկ և համաճարակային բոլոր պարզագույն չափանիշների։
Ո՞ւր էին հետևյալ մարմինները՝
• ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը
• Երևանի քաղաքապետարանը
• ԱԻՆ-ը՝ որպես իրավիճակների կառավարման հիմնական համակարգող
• Սանիտարական և հիգիենիկ վերահսկողություն իրականացնող մարմինները
• Առողջապահության նախարարությունը՝ հրդեհի առողջական հետևանքները գնահատելու և կանխելու տեսանկյունից
Բոլոր նշված կառույցները ձախողել են ոչ միայն իրենց մասնագիտական պարտականությունները, այլև՝ հանրային վստահությունը։ Այս հրդեհները չեն սկսվել մի օրում։ Աղբավայրերի խայտառակ վիճակը տարիներ շարունակ անտեսվել է, խնդիրները կուտակվել են, իսկ պատկան մարմինները լռել են, կամ սահմանափակվել են հայտարարություններով՝ իբր ամեն ինչ վերահսկողության տակ է։
Ստեղծված իրավիճակը լրջագույն սպառնալիք է՝
• շրջակա միջավայրի՝ հողի, օդի և ջրի աղտոտման,
• մարդկանց առողջության՝ թունավոր գազերի և նստվածքների ներգործության,
• և քաղաքացիական վստահության՝ պետական ինստիտուտների նկատմամբ։
ՄԵՆՔ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ՝
1. Անմիջական պատասխանատվություն՝ բոլոր այն պաշտոնյաների նկատմամբ, ովքեր իրենց անգործությամբ հանգեցրել են այս իրավիճակին։
2. Հանրային, բաց և թափանցիկ քննություն՝ հրդեհների իրական պատճառների
բացահայտմամբ։
3. Նուբարաշենի աղբավայրի պատշաճ վերակառուցում՝ միջազգային փորձագիտական մասնակցությամբ։
4. Արդյունավետ համակարգ՝ նմանատիպ միջադեպերը կանխելու համար՝ վերահսկման իրական մեխանիզմներով։
5. Սանիտարահիգիենիկ գնահատում և աջակցություն՝ մոտակա բնակավայրերի բնակիչներին։
Քաղաքացիների առողջությունն ու բնապահպանական անվտանգությունը չեն կարող լինել երկակի ստանդարտների զոհ։ Մենք որպես հանրություն չենք հանդուրժելու այսչափ անպատասխանատվություն։
Պետական մարմինների ձախողումները աղետալի հետևանքներ ունեն։ Իսկ այդ հետևանքների պատասխանատուները պետք է կանգնեն օրենքի առաջ՝ առանց խուսափելու, առանց հովանավորչության։
Ժամանակն է՝ վերադառնալ իրական պատասխանատվության սկզբունքին։
Հարգանքով՝ Հանուն Ժողովրդավար Պետականության Կուսակցության նախագահ Արսեն Սարգսյան
Հայաստանի Եվրոպական Կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյան
Թողնել պատասխան