Ադրբեջանական քարտեզները հուշում են տարածաշրջանի աշխարհաքաղաքական քարտեզի վերաձևմ…

Ադրբեջանական քարտեզները հուշում են տարածաշրջանի աշխարհաքաղաքական քարտեզի վերաձևման հնարավոր փորձի մասին. այն ուղղակիորեն ազդելու է Իրանի հյուսիսային սահմանների վրա. Արամ Շահնազարյան
■ Ադրբեջանի կողմից հրապարակված այս և նմանատիպ բոլոր քարտեզներն Իրանի համար ռազմավարական ու ազգային անվտանգության լուրջ մտահոգություն են։ Այս քարտեզները հուշում են տարածաշրջանի աշխարհաքաղաքական քարտեզի վերաձևման հնարավոր փորձի մասին, որը կարող է ուղղակիորեն ազդել Իրանի հյուսիսային սահմանների վրա՝ խաթարելով երկրի ելքը դեպի Հայաստան և Սև ծով, ինչը կենսական նշանակություն ունի Իրանի համար։ Իրանի համար ամենահստակ կարմիր գիծը տարածաշրջանում՝ Հայաստանին իրարից անջատող միջանցքի գաղափարն է, որն իրականության մեջ նշանակում է Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Իրանի հյուսիսաարևմտյան շրջանների շրջափակում։
■ Չնայած վերջին տարիներին Իրանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները մի քանի անգամ սրվել են՝ կապված սահմանային, տարածաշրջանային և անգամ կրոնական տարաձայնությունների հետ, այս զորավարժությունը վկայում է, որ Կասպից ծովը շարունակում է մնալ ընդհանուր շահերի և փոխգործակցության կարևոր հարթակ։
■ Թեհրանի համար թուրանական ռազմաքաղաքական առանցքի գաղափարը, եթե այն ստանա ուժեղ ռազմական բաղադրիչ, ընկալվում է՝ որպես հստակ սպառնալիք երկրի ազգային ինքնիշխանության և տարածքային ամբողջականության տեսանկյունից։
Բացի այդ, նման ծրագրերը կարող են խաթարել Իրանի դիրքը Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ստեղծելով իրանական ազդեցությանը հակակշիռ համակարգ, որը կառուցվում է ոչ միայն տնտեսական, այլ նաև ռազմական հենքի վրա։ Իրանը, որպես տարածաշրջանային ուժ, չի պատրաստվում անտեսել այս զարգացումները, և, ըստ ամենայնի, կձգտի խորացնել իր պաշտպանական ու դիվանագիտական կապերն այլ երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի, Չինաստանի ու Հայաստանի հետ՝ հավասարակշռություն պահպանելու նպատակով։
Թուրանական ռազմական ինտեգրացիան Թեհրանում դիտարկվում է ոչ պարզապես որպես տարածաշրջանային համագործակցության ձևաչափ, այլ` որպես ռազմավարական նախագիծ, որը երկարաժամկետ հեռանկարում կարող է վերաճել Իրանի համար լուրջ մարտահրավերի։
■ Թեհրանը զգուշորեն է դիտարկում Լոնդոնի ջանքերը՝ Հայաստանի և Ադրբեջանի հետ ռազմավարական հարաբերությունների հաստատման ուղղությամբ, ներառյալ՝ ռազմական ոլորտում հնարավոր համագործակցությունը, ինչը կարող է ընդլայնել արևմտյան ազդեցությունն Իրանի անմիջական հարևանությամբ։
Զենքի մատակարարման նկատմամբ բրիտանական նախկին սահմանափակումների վերացումն առավել զգայուն է Թեհրանի համար, քանի որ այն կարող է բերել տարածաշրջանում ռազմական բալանսի խախտման՝ հատկապես Ադրբեջան-Իսրայել համագործակցության համատեքստում։ Իրանը մտավախություն ունի, որ բրիտանական ռազմական աջակցությունը, եթե ուղղվի միայն մեկ կողմի ուժեղացմանը (խոսքը, բնականաբար, Ադրբեջանի մասին է), կխաթարի տարածաշրջանային կայունությունն ու կարող է հանգեցնել նոր լարվածությունների՝ Իրանի անվտանգային միջավայրում։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով