Այո, մի առիթով զրուցում էինք Սրբազանի հետ, և էդտեղ ինքը նշեց, որ նամակ է ուղարկել Քոչարյանի պատգամավորների միջոցով, բայց ո´չ պատասխան է ստացել, ո´չ հրապարակվել է. Հովիկ Աղազարյան
Միքայել Սրբազանի` «Հայաստան» դաշինքի պատգամավորներին և Ռոբերտ Քոչարյանին ուղղված նամակի մասին երեկվա մեր հրապարակումը, կարծես, լուրջ իրարանցում է ատաջացրել ընդդիմադիր դաշտում, հատկապես` քոչարյանական թևում: Ոմանք փորձեցին կասկածներ հայտնել, թե` ու՞ր է փաստ, ո՞վ կարող է հաստատել, որ նման նամակ է եղել, որոշներն էլ փորձեցին տարբեր խողովակներով սլաքներն ուղղել կաթողիկոսի վրա` այդպիսով Սրբազանի առաջարկը վիժեցնելու ամբողջ մեղքը Քոչարյանի վրայից հանելով և բարդելով Վեհափառի վրա` փաստացի հաստատելով մեր գրածը: Որոշներն էլ հարկ համարեցին հանուն իրենց առաջնորդի անհարկի դասեր տալ «սրբազանի անունը շահարկողներին» և այլն:
Իրականում, այդ նամակների մասին շատերը գիտեն, քանզի Միքայել Սրբազանը, տեսնելով, որ «Հայաստան» խմբակցության պատգամավորները իր փոխանցած նամակները չեն հրապարակում, իրեն այցելած տարբեր պատգամավորների, հանրային-քաղաքական գործիչների, փաստաբանների մոտ դժգոհել է, թե` «նամակներն էլ տվեցի` չհրապարակեցին»:
Մենք տեղեկացանք, որ Սրբազանին այցելած այդ անձանցից մեկը եղել է ԱԺ անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանը, որը MakaryanNews-ի հետ զրույցում հաստատեց մեր տեղեկությունը նամակների մասով:«Այո, մի առիթով զրուցում էինք Սրբազանի հետ քաղաքական ընթացիկ հարցերի շուրջ` իմ հերթական այցելության ժամանակ, և էդտեղ ինքը նշեց էդ մասին, որ ինքը նամակ է ուղարկել, բայց ոչ պատասխան է ստացել, ոչ հրապարակվել է…»,-ասաց Հովիկ Աղազարյանը:
Հարցին` ու՞մ է նամակ ուղարկել այդ նամակը, Աղազարյանն ասաց. «Եթե ես չեմ սխալվում` և´ Սերժ Սարգսյանին, և´ Ռոբերտ Քոչարյանին` իրենց պատգամավորների միջոցով: Կարող է պատահի` Սերժ Սարգսյանի պահով սխալվում եմ, բայց Ռոբերտ Քոչարյանի պահով հաստատ հիշում եմ»:
Ինչ վերաբերում է նամակի բովանդակությանը, Աղազարյանն ասաց, որ ինքը իրեն թույլ չի տվել Սրբազանին ուղիղ հարցրել, թե ինչ է գրել նամակում, բայց նրա հետ զրույցներից հասկացել է, որ Միքայել Սրբազանը պատրաստակամություն ուներ առաջնորդելու ընդդիմադիր համախմբությունը, եթե դա տեղի ունենար` ասելով, որ ինքը համախմբման մասին իր առաջարկությունը ներկայացրել է, բայց պատասխան չի ստացել:
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Թողնել պատասխան