Հետախուզման մեջ գտնվող Միհրան Պողոսյանը հնարավոր է` շուտով Հայաստան վերադառնա. ա…

Հետախուզման մեջ գտնվող Միհրան Պողոսյանը հնարավոր է` շուտով Հայաստան վերադառնա. առաջիկայում ՀՀՄ համագումարն է

Դեռ երկու տարի առաջ «Հայոց համազգային միասնություն» անունովի կուսակցությունը հիմնած ԴԱՀԿ ծառայության նախկին ղեկավար Միհրան Պողոսյանը ևս մտադիր է դաշինքով մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին։ Այն, որ Պողոսյանը մասնակցելու էր ընտրություններին և կուսակցությունը հենց այդ նպատակով էր բացել, այդ մասին նա վաղուց էր հայտարարել՝ Մոսկվայում իր տված հարցազրույցներում, իսկ թե ինչ ձևաչափով՝ դեռ նոր է որոշվում։ Մեր տեղեկություններով՝ Պողոսյանն այս ընթացքում հանդիպումներ է ունեցել քաղաքական դաշտի մի շարք դերակատարների հետ և առաջիկայում, ամենայն հավանականությամբ, կհայտարարվի նաև նրա կուսակության և այլ ուժերի հետ դաշինքի ձևավորման մասին։ Թե որ ուժերի մասին է խոսքը, որ կուսակցությունների հետ կմիանա Միհրան Պողոսյանը, նրա թիմակիցներից մեզ չհաջողվեց պարզել, ասացին՝ մի քիչ սպասեք, կտեսնեք։ Միայն իմացանք, որ փետրվարի 21-ին Երևանում կանցկացվի ՀՀՄ կուսակցության համագումարը, որտեղ էլ կհայտարարվի ընտրությունների մասնակցության ձևաչափի մասին։
Ի դեպ, մեր ունեցած տեղեկություններով՝ շատ հնարավոր է, որ 2019 թվականից հետախուզման մեջ գտնվող և Մոսկվայում բնակվող Միհրան Պողոսյանը ինչ-որ կերպ կարողանա ժամանել Հայաստան՝ մասնակցելու փետրվարի 21-ին նախատեսվող իր կուսակցության համագումարին։ Թե ինչպես է հաջողվելու հետախուզման մեջ գտնվող նախկին պաշտոնյային «անվնաս» մուտք գործել Հայաստան ու չձերբակալվել՝ դժվար է ասել։
Հիշեցնենք, որ MakaryanNews-ը օրեր առաջ գրել էր, որ դաշինքով հանդես գալու շուրջ են բանակցում նաև Գագիկ Ծառուկյանն ու Անդրանիկ Թևանյանը, և շուտով այս երկու ուժերը, հնարավոր է՝ նրանց հետ այլ ուժեր ևս, համագործակցության հուշագիր կստորագրեն։ Ի դեպ, մեր տեղեկություններով՝ Անդրանիկ Թևանյանը նախորդ շաբաթ Մոսկվայում է եղել, որտեղ քաղաքական հանդիպումներ է ունեցել տարբեր շրջանակների հետ, չի բացառվում՝ ինքը ևս հանդիպել է Միհրան Պողոսյանի հետ։
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով