Միքայել Սրբազանը մեզ ասել է, որ եթե ուզում եք Նիկոլին հեռացնել, ապա Ռոբերտ Քոչար…

Միքայել Սրբազանը մեզ ասել է, որ եթե ուզում եք Նիկոլին հեռացնել, ապա Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան զույգը չպետք է մասնակցի ընտրություններին․ Հակոբ Ասլանյան
Միքայել Սրբազանի հետ դեռ ԱԱԾ մեկուսարանում, ապա նաև «Իզմիրլյան» ԲԿ-ում հանդիպած պատգամավորներից Հակոբ Ասլանյանը մեզ հետ զրույցում անդրադարձավ օրեր առաջ MakaryanNews-ի հրապարակմանը, ըստ որի՝ քաղբանտարկյալ համարվող Միքայել արքեպիսկոպոս աջապահյանը նամակներ է փոխանցել «Հայաստան» խմբակցության պատգամավորներին, որ նրանք հրապարակեն դրանք, սակայն Ռոբերտ Քոչարյանի թեթև ձեռքով դրանք անտեսվել են, չեն հանրայնացվել ու մնացել են անպատասխան։ Այդ նամակներում Սրբազանը առաջարկում էր ընդդիմությանը, որ համախմբվեն, ինչի պարագայում ինքը, արդեն որպես ակամա քաղաքականացված անձ, պատրաստ է դերակատաևություն ստանձնել։ Բայց ընդդիմադիր դաշտում միակը «հզոր առաջնորդը» լինելու և հավերժ Նիկոլ Փաշինյանի միակ ու անկրկնելի ընդդիմությունը մնալու մոլուցքով տառապող Ռոբերտ Քոչարյանին, ըստ էության, դուր չի եկել Սրբազանի այդ գաղափարը, որ վերջինս գա առաջին պլան, և նա վիժեցրել է ազդեցիկ հոգևորականի շուրջ համախմբվելու գործընթացը։
Հակոբ Ասլանյանը որոշ մանրամասներ պատմեց մեզ Սրբազանի հետ ունեցած իրենց զրույցից։
«Ես նամակների մասին լսել եմ, այո, մենք պարոն Աղազարյանի հետ ենք եղել իր մոտ, բավականին երկար զրուցել ենք, և Սրբազանը նորից ասել է, որ եթե ուզում եք Նիկոլին հեռացնել, ապա Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան զույգը չպետք է մասնակցի ընտրություններին։ Շեշտը դրված է եղել դրա վրա»,-MakaryanNews-ի հետ զրույցում ասաց պարոն Ասլանյանը՝ նորից շեշտելով, որ ինքը ևս տեղյակ է ու լսել է, որ Սրբազանը նամակներ է գրել, որոնք փոխանցել է քոչարյանական պատգամավորներին, սակայն վերջիններս դրանք չեն հրապարակել։
Նա նշեց, որ մոտ մեկուկես ամիս առաջ է հանդիպել Սրբազանին, և այս խոսակցությունը հենց այդ ժամանակ է եղել։
«Դուք իմ մոտեցումները, կարծում եմ, գիտեք, որ ես բազմաթիվ ելույթների ժամանակ ասել եմ՝ էսօր իշխանությունն ու ընդդիմությունը սինխրոն աշխատում են։ Եւ, իսկապես, էսօր Նիկոլի հաղթանակը կապված է նրա հետ, որ Նիկոլն ասելու է՝ տեսեք, ժողովուրդ, եթե ինձ չընտրեք, սրանք են գալու»,-ասաց Ասլանյանը։
Ի դեպ, երեկ նաև այդ նույն քոչարյանական պատգամավորներից Աղվան Վարդանյանն է լրատվամիջոցնեից մեկի միջոցով հաստատել, որ Միքայել Սրբազանն իսկապես երկու հատ նամակ է գրել ու տվել իրենց, պարզապես Վարդանյանը, սովորության համաձայն, վերջում փաստերը մի փոքր խեղաթյուրել է և մանիպուլացրել՝ իրողությունը ներկայացնելով իրեն հարմար լույսի ներքո, որ արանքից մաքրի Ռոբերտ Քոչարյանի անունը։
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով