Ակնառու է, որ Բաքվի եւ Անկարայի միջեւ ընթանում են ինտենսիվ քննարկումներ: Վերջին …

💥Ակնառու է, որ Բաքվի եւ Անկարայի միջեւ ընթանում են ինտենսիվ քննարկումներ: Վերջին երեք-չորս օրերին հեռախոսազրույցներ նախագահների մակարդակով, արտաքին գործերի նախարարների մակարդակով: Դրան անմիջապես հաջորդել է Թուրքիայի ռազմաօդային ուժերի հրամանատարի այցը Բաքու եւ հանդիպումը պաշտպանության նախարարի, գլխավոր շտաբի պետի հետ, Ադրբեջանի սահմանային ծառայության պետի այցը Անկարա եւ հանդիպումը պաշտպանության նախարարի հետ, Նախիջեւանի համազորային բանակի հրամանատարի այց Անկարա եւ հանդիպում Թուրքիայի ցամաքային ուժերի հրամանատարի հետ:
Այդ տեղեկությունների ֆոնին, այսօր նաեւ տեղեկություն է Ալիեւի օգնական Հիքմեթ Հաջիեւի Անկարա կատարած այցի մասին, որտեղ նա հանդիպել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցությունների համար պատասխանատուի, նաեւ Թուրքիայի նախագահի արտաքին եւ անվտանգային հարցերի խորհրդականի հետ:
Ընդ որում նշվում է, որ Հաջիեւը նրանց հետ քննարկել է Հարավային Կովկասը եւ Մերձավոր Արեւելքը:
Հիշեցնեմ, որ օրեր առաջ Հաջիեւը Իսրայելում էր եւ այնտեղ բանակցել է այդ երկրի քաղաքական բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Հաջիեւն այդ իմաստով կարող է լինել նաեւ կոմունիկացիա Իսրայելի ու Թուրքիայի միջեւ:
Ինչպես արտահայտվել եմ դեռեւս ամիսներ առաջ, չնայած Իսրայելի հանդեպ Էրդողանի կոշտ հռետորաբանությանը, այդուհանդերձ Թել Ավիվն ու Անկարան գործում են զգալիորեն «ունիսոն», թեկուզ չբարձրաձայնված տարբերակով:
Սա չի նշանակում, որ այդպես է Մերձավոր Արեւելքի բոլոր հարցերում, իհարկե: Եվ նույնը վերաբերում է նաեւ Կովկասին: Այսինքն, ամենեւին չենք կարող ինքնաբերաբար եզրակացնել, որ Իսրայելն ու Թուրքիան Կովկասին վերաբերող հարցերում լիովին համակարծիք են:
Վստահ չեմ, որ Էրդողանն այսօր ուզում է ապակայունացում Կովկասոււմ:
Այստեղ սակայն հարցն այն է, որ, երբ մենք դիտարկում ենք լարվածության հարցը, ապա ամենեւին պետք չէ դիտարկել միայն մասշտաբային ռազմական գործողության կամ պատերազմի վտանգը: Բացառելի չէ, որ Բաքուն ուզում է ստանալ թեկուզ սահմանային սահմանափակ գործողության «արտոնություն», այսպես ասած «պղտոր ջրում» թեկուզ «շերեփուկ» որսալու նկատառումով: Ամբողջ հարցն այն է, որ, օրինակ Իրանի եւ Ռուսաստանի համար դա չի լինի մեծ խնդիր՝ սահմանափակ սահմանային գործողությունը, հատկապես, եթե այն դուրս լինի իրենց պատասխանատվության տիրույթից: Իսկ, օրինակ այն, որ Հայաստանի իսկ դիմումով հայ-ադրբեջանական սահմանից դուրս են բերվել ռուս սահմանապահները, Ռուսաստանին զգալիորեն ազատում է սահմանային որեւէ լոկալ գործողության դեպքում պատասխաանատվությունից:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով