Ընդդիմությանը պարտադրված «խաղի» կանոնները․ ի՞նչ մարտավարությամբ է խաղում Փաշինյա…

Ընդդիմությանը պարտադրված «խաղի» կանոնները․ ի՞նչ մարտավարությամբ է խաղում Փաշինյանը

Նիկոլ Փաշինյանն այսօր հերթական անգամ անդրադարձել է պատմության էջերում իր «սիրելի» հերոսներից մեկին՝ Պապ թագավորին։ Էական չէ, թե ինչ է ասել Փաշինյանը այս անգամ։ Էականն այն է, որ նա կրկին բացել է այս թեման։
Նիկոլ Փաշինյանը, անկախ նրա անձի նկատմամբ հանրության լայն շերտերի վերաբերմունքից, հասկանում է, թե ինչ է քաղաքականությունը և տիրապետում է բավականին մեծ քաղաքական գործիքակազմի, որով ստիպում է իր մրցակիցներին, ընդդիմադիրներին խաղալ իր կանոններով՝ անկախ իրենց կամքից։ Փաշինյանը պարբերաբար դաշտ է նետում որևէ թեմա, այս դեպքում դա Պապ թագավորի թեման է, դրանով իսկ ստեղծում է օրակարգ, որի շուրջ սկսվում է դիսկուրս։ Ընդդիմությունից սկսած մինչև քաղաքագետներ, վերլուծաբաններ ու պարզապես հասարակ օգտատերեր սկսում են քննարկել Փաշինյանի առաջ քաշած թեզերը, վիճել, թե արդյո՞ք Պապ թագավորը դավաճան էր, թե՞ ոչ, արդյո՞ք Փաշինյանը նման է Պապ թագավորին, թե՞ ոչ և այսպես շարունակ։ Այս ամենը քննարկելով՝ քննարկողները մտնում են Նիկոլ Փաշինյանի առաջ քաշած օրակարգի մեջ ու սկսում են «խաղալ» նրա «խաղի» կանոններով՝ անգամ դա չգիտակցելով։
Տվյալ պարագայում որևէ կապ չունի, թե ինչ են ասում ընդդիմադիրները, եթե անգամ փաստերով ջախջախում են Փաշինյանին, թեկուզ վիրավորում կամ հայհոյում են։ Էականն այն է, որ նրանք մտնում են Փաշինյանի օրակարգի մեջ ու սկսում են «խաղալ»։ Սա հենց այն է, ինչ ուզում է Փաշինյանը, իսկ նրա մարտավարությունը շատ պարզ է․ թույլ չտալ իր ընդդիմադիրներին ստեղծել սեփական օրակարգ և մշտապես նրանց պահել իր օրակարգերի մեջ՝ պարտադրելով սեփական «խաղի» կանոնները։
Այս «ծուղակից» դուրս գալու համար Փաշինյանի դեմ պայքարողները, նախ, պետք է ստեղծեն սեփական հստակ օրակարգը, տեսլականը և սկսեն այն պարտադրել քաղաքական դաշտին՝ ստիպելով, որ հենց իշխանությունը մտնի այդ օրակարգի մեջ, այլ ոչ թե զբաղվել մշտապես Փաշինյանին հերքելով կամ ապացուցելով, որ նա «դավաճան» է կամ «թուրք»։ Իրականության մեջ Փաշինյանին հնարավոր է հաղթել, եթե քաղաքական, տեղեկատվական դաշտում ընդդիմության կողմից թելադրվող օրակարգը հաղթի Փաշինյանի կողմից թելադրվող օրակարգին։
Դուք չեք կարող մտնել Նիկոլ Փաշինյանի կողմից ձեզ պարտադրվող «խաղի» մեջ, «խաղալ» նրա կանոններով ու հաղթել նրան այդ «խաղում»։ Եթե ուզում եք հաղթել Փաշինյանին, ապա նրան պետք է զրկեք իր «խաղի» կանոններով խաղալու հնարավորությունից։
Նիկոլ Փաշինյանը գտել է ընդդիմության թույլ կետը և օգտվում է դրանից, իսկ այդ թույլ կետը քաղաքական օրակարգի բացակայությունն է, իսկ ավելի կոնկրետ՝ Փաշինյանը հասկացել է, որ իր ընդդիմադիրները չունեն հասարակությանը ներկայացնելու առաջարկներ և լուծումներ ու փորձում են նրա դեմ պայքարել իր անձի դեմ հակաքարոզչությամբ և իր անձի դեմոնիզացիայով, իսկ նման իրավիճակը առաջին հերթին ձեռք է տալիս հենց իրեն՝ Փաշինյանին, որն էլ ընդդիմության համար քննարկելու նյութը մշտապես ապահովում է՝ ստեղծելով օրակարգեր ու պահելով դրանց մեջ։
@armgeopolitic

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *