Բացարձակ կեղծ թեզ է այն պնդումը, թե եթե ընդդիմությունը չվերցնի մանդատները, Նիկոլ…

Բացարձակ կեղծ թեզ է այն պնդումը, թե եթե ընդդիմությունը չվերցնի մանդատները, Նիկոլ Փաշինյանը դրանք կտա ընտրական շեմը չհաղթահարած ուժերին. Արփինե Հովհաննիսյան
ՀԱՐՑԵՐ ընդդիմությանը (Մաս 2)
Երեկ մի տեսանյութ եմ հրապարակել, որտեղ ասել եմ շատ պարզ բան․ բացարձակ կեղծ թեզ է այն պնդումը, թե եթե ընդդիմությունը չվերցնի մանդատները, Նիկոլ Փաշինյանը դրանք կտա ընտրական շեմը չհաղթահարած ուժերին։
Ես դա համարել եմ ընտրությունների լեգիտիմությանը հասցվող այնպիսի հարված, որ բացարձակապես բացառել եմ նման սցենարը։ Ոչ թե Նիկոլ Փաշինյանին վստահելու պատճառով, այլ որովհետև չեմ կարծում, որ նա կգնա մի քայլի, որը կփլուզի իր իսկ հիմնական քաղաքական և քարոզչական հենասյուներից մեկը՝ ընտրությունների լեգիտիմության մասին պատմությունը։
Հենց այդ համատեքստում էլ ասել եմ հետևյալ միտքը․
«Նիկոլ Փաշինյանը ինքն իր նկատմամբ կարմիր գիծ չի խախտի»։
Այսինքն՝ այն հարցերում, որոնք իր համար սկզբունքային քաղաքական նշանակություն ունեն, ինքն իր ոտքին չի կրակի և չի ոչնչացնի սեփական քաղաքական դիրքավորման հիմքերը, իսկ որևէ աճպարարությամբ ընտրական շեմը չհաղթահարած ուժերին ԱԺ մտցնելը հենց իր լեգիտիմությունն է դնելու կասկածի տակ։
Հիմա տեսնում եմ, որ որոշ շրջանակներ հրապարակում են սրտաճմլիկ ու լալահառաչ տեքստեր՝ մանիպուլացնելով իմ ասածը և փորձելով այն ներկայացնել բոլորովին այլ բովանդակությամբ։
Եկեք ձեզ հարցեր տամ ձեր տրամաբանության մեջ`Ասում եք` Նիկոլ Փաշինյանը կարմիր գծեր չունի և կարող է կեղծել ընտրությունները։
Այդ դեպքում ունեմ մի քանի շատ պարզ հարց։
Հարց առաջին. Այդ համոզմունքը ե՞րբ է առաջացել՝ 2021 թվականի՞ն, թե՞ միայն 2026 թվականին։
Հարց երկրորդ. Եթե դեռ 2021 թվականին էիք համոզված, որ նա կարող է կեղծել ընտրությունները, ապա ինչո՞ւ մասնակցեցիք այդ ընտրություններին։ Ու ինչու մասնակցեցիք հիմա?
Հարց երրորդ. Ինչո՞ւ 2021 թվականի արդյունքներով մտաք խորհրդարան։ Այդ ընտրությունները կեղծվա՞ծ էին, թե՞ ոչ։ ՍԴ դիմել եք ` հուշեմ:
Հարց չորրորդ. Եթե կեղծված էին, ինչո՞ւ վերցրեցիք մանդատները։ Եթե կեղծված չէին, ապա լեգիտիմ եք համարում?
Հարց հինգերորդ. 2026 թվականի ընտրությունների քաղաքական գնահատականը ո՞րն է։ Կեղծվա՞ծ են, թե՞ ոչ։
Հարց վեցերորդ. Եթե կեղծված են, ապա ինչո՞ւ եք առհասարակ քննարկում մանդատ վերցնելու կամ չվերցնելու հարցը։ Ի՞նչ կա քննարկելու։
Հարց յոթերորդ. Եթե վաղը որոշեք վերցնել մանդատները, ինչպե՞ս եք դա բացատրելու ձեր ընտրողներին։ Իսկ եթե չվերցնեք, ո՞րն է ձեր գործողությունների ծրագիրը։
Մինչև այս հարցերի պատասխանները չկան, լավ կլինի քիչ զբաղվել ուրիշների խոսքերը վերաշարադրելով և ավելի շատ զբաղվել սեփական քաղաքական տրամաբանությունը վերջնականապես ձևակերպելով։ Կարծում եմ՝ մարդիկ հոգնել են պսևդոհայրենասիրական պաթոսախեղդ ելույթներից և ձեզանից առարկայական պատասխաններ են պահանջում։ Ձեզնից բեռը մի տեղափոխեք ուրիշների վրա։
Հ․Գ․ ձեր համակիրներին ասեք, որ չգան և չհայտնվեն այստեղ ու չասեն, որ դուք նոր սահմանադրութան հեղինակ եք: Այդ նոր սահմանադրության հեղինակի թեզը հենց հիմա ծառայեցնում եք ձեզ՝ որպես փրկօղակ:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով