«Երբ ասում են, որ ԵԱՏՄ-ից դուրս գալը լավ է, պետք է նաև բացատրեն՝ ո՞ւմ համար է լավ։ Հայաստանի ԵԱՏՄ-ից դուրս գալը լավ է Ամերիկայի, Մեծ Բրիտանիայի համար։ Այն մարդիկ, ովքեր այդ քարոզչությունն են տանում, որպես կանոն, ֆինանսավորվում են։ Սա օտար պետությունների միջամտության և նրանց տեղեկատվական ազդեցության արդյունքն է»։
«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի զրուցակիցը տնտեսագետ, քաղաքագետ Հրանտ Միքայելյանն է։ Նա նկատում է՝ հանրության շրջանում ձևավորվում է կեղծ տպավորություն, թե ԵԱՏՄ-ից դուրս գալու օգտին լայն աջակցություն կա․ դա քարոզչություն է։ Տնտեսագետի խոսքով՝ գինի, կոնյակ, ձուկ, կաթնամթերք և այլ պարենային ապրանքների արտահանումը դեպի ՌԴ շատ ավելի մեծ ծավալների ներուժ ունի, եթե ավելացնենք արտադրությունը։
«Ռուսական շուկան մեզ համար գրեթե անսպառ հնարավորություն է արտադրությունը զարգացնելու համար։ Եվրոպական շուկան, հակառակ տարածված կարծիքների, Հայաստանի համար իրական այլընտրանք չէ․ այն կարող է ավելի մեծ լինել, բայց մեզ համար այնտեղ տեղ չկա։ Իտալիայում նույնիսկ գինու գերարտադրության խնդիր կա, պահեստները լցված են, և հայկական գինին այնտեղ չի կարող մրցակցել՝ ո՛չ ճանաչելիությամբ, ո՛չ բրենդավորմամբ, ո՛չ լոգիստիկայով, ո՛չ էլ ստանդարտների առումով»,- բացատրում է տնտեսագետը։
Նա նաև որպես օրինակ բերեց Վրաստանը՝ նշելով, որ 2014 թվականից Եվրամիության հետ ասոցացման համաձայնագիր ունենալու պայմաններում անգամ երկիրը չկարողացավ ամրապնդվել ԵՄ շուկայում։ Անդրադառնալով ռուսական շուկայի հետագա հասանելիությանը՝ տնտեսագետը նշեց, որ այստեղ նույնպես անորոշություններ կան․ կբացվվի՞ արդյոք ռուսական շուկան, և արդյո՞ք այնտեղ դեռ տեղ կլինի։
🎦 զրույցն ամբողջությամբ
Թողնել պատասխան