Եվ դարձյալ վասն Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի2…

Եվ դարձյալ վասն Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի
2013թ. սեպտեմբերին Եվրոպական միության հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրելուց Հայաստանի հրաժարումը և պետության կտրուկ շրջադարձը դեպի Եվրասիական տնտեսական միություն հանգեցրել էին Հայաստանի հանդեպ՝ Եվրոպական միության և վերջինիս անդամ պետությունների մի շարք գործընկերների խոր անվստահության։ Այդուհանդերձ, հետհեղափոխական մի շարք զարգացումներ, այդ թվում՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենսդրական նախաձեռնությունը, ԵՄ-Հայաստան—ԱՄՆ գագաթաժողովի անցկացումը 2024թ., Եվրոպական քաղաքական համայնքի և ԵՄ-Հայաստան առաջին գագաթաժողովի անցկացումը 2026թ. մեծապես փոփոխել էին իրավիճակը և զգալիորեն վերականգնել ԵՄ-ի գործընկերների վստահությունը Հայաստանի նկատմամբ։
Եվ ահա նորից պետությունն առիթ է ստեղծում ԵՄ գործընկերների նոր անվստահության՝ Հայաստանի եվրոպական ապագայի կերտման տեսակետից կարևորագույն հանձնաժողովի նախագահությունը հանձնելով մի քաղաքական ուժի, որի նպատակները տրամագծորեն տարբեր են այդ հանձնաժողովի հռչակված նպատակներից և գործունեության տրամաբանությունից։ Սրան գումարվում է այն, որ այդ ուժը հենց իշխանական ուժի կողմից առայսօր մեղադրվում է ԱԺ-ում ընտրակաշառքի և ընտրատուրիզմի շնորհիվ հայտնվելու մեջ, ինչը նշանակում է, որ եվրոպական ինտեգրման հարցերը նախագահելու արտոնությունը վերապահվում է եվրոպական արժեքներին՝ ըստ գործող իշխանության տրամագծորեն հակառակ գործող քաղաքական ուժի։
Դեռ չեմ խոսում այն մասին, թե այս որոշումը ինչ վնաս է հասցնելու օրենսդիր-գործադիր համագործակցությանը ԵՄ-ի առջև ստանձնած հանձնառությունների կատարման ոլորտում։ ԵՄ-Հայաստան քաղհասարակության պլատֆորմը լուրջ ջանքեր էր գործադրել գործադիրի կողմից CEPA-ի կատարումը պառլամենտական վերահսկողության ենթարկելը խթանելու հարցում։ CEPA-ի կատարման հարցով ձևավորված միջգերատեսչական հանձնաժողովում, օրինակ, քննարկումներն արդեն կրելու են զուտ ձևական բնույթ ԱԺ-ի խնդրո առարկա հանձնաժողովի նախագահի ներկայության պարագայում, եթե այդ նախագահն առհասարակ հրավիրվի այդ նիստերին։
Լուսինե Հակոբյան

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով