Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եթե Հայաստանը համարի, որ Գյ…

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եթե Հայաստանը համարի, որ Գյումրիում ռուսական ռազմաբազայի ներկայությունն այլևս անհրաժեշտ չէ, Մոսկվան պատրաստ է այն դուրս բերել։

«Եթե Հայաստանը կարծում է, որ ռուսական ռազմաբազան իրեն պետք չէ, մենք թեկուզ վաղը կհեռանանք։ Հայաստանը պատրա՞ստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ մեկին ոչինչ չենք պարտադրի։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ կողքին ինչ-որ ռուսական ռազմական ներկայություն լինի, մենք կմնանք, կաշխատենք, կհամագործակցենք», -ասել է Պուտինը։

Անդրադառնալով Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու ձգտմանը՝ Ռուսաստանի նախագահը կրկնել է, որ դա Երևանի ինքնիշխան որոշումն է, սակայն, նրա խոսքով, Հայաստանը չի կարող միաժամանակ լինել և՛ ԵՄ-ի, և՛ Եվրասիական տնտեսական միության անդամ։
Պուտինը հիշեցրել է, որ Հայաստանում ընդունվել է Եվրամիությանն անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքը։ Նրա գնահատմամբ՝ դրանով Երևանը փաստացի հայտարարել է, որ հեռանկարում դուրս է գալու ԵԱՏՄ-ից։ Ռուսաստանի նախագահը նաև պնդել է, որ Հայաստանը ԵԱՏՄ-ին անդամակցության և Ռուսաստանի հետ համագործակցության շնորհիվ զգալի արտոնություններ է ստանում՝ այդ թվում էներգակիրների գների և ռուսական շուկա մուտքի հարցում։
«Թող հիմա ազնվորեն ասեն՝ ինչ են ուզում, որոնք են իրենց նպատակները», — հայտարարել է Պուտինը՝ հավելելով, որ Նիկոլ Փաշինյանի հետ պայմանավորվել են հանգիստ ռեժիմով վերլուծել հայ-ռուսական համագործակցության բոլոր ուղղությունները։ Նա վարչապետին հրավիրել է Մոսկվա՝ այդ հարցերը մասնագետների մասնակցությամբ քննարկելու համար։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով