«Իրանը TRIPP-ի վերաբերյալ դեռևս վերջնական դիրքորոշում չի ձևավորել, սակայն Երևանի…

«Իրանը TRIPP-ի վերաբերյալ դեռևս վերջնական դիրքորոշում չի ձևավորել, սակայն Երևանից հստակ երաշխիքներ է պահանջում, որ որևէ պարագայում այն չի վերածվի հակաիրանական պլացդարմի»։

«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի զրուցակիցը քաղաքագետ Արա Պողոսյանն է։ Քաղաքագետը նկատում է՝ Իրանի նախագահ Փեզեշքիանի և արտգործնախարար Արաղչիի հայտարարությունները փաստում են, որ հայկական կողմի հավաստիացումներից հետո անգամ Թեհրանի կասկածները լիովին փարատված չեն․

«Իրանի համար կան հստակ «կարմիր գծեր», որոնց մասին անընդհատ բարձրաձայնում են՝ ճանապարհները չեն կարող լինել էքստերիտորիալ, Հայաստանի ինքնիշխանությունն ու իրավազորությունը պետք է անվերապահորեն պահպանվի, և որևէ երրորդ երկրի, մասնավորապես՝ ԱՄՆ-ի զինված ուժեր կամ ներկայություն այդ տարածքում չպետք է լինի»։

Քաղաքագետի գնահատմամբ՝ Իրանը ներկայում վարում է կանխարգելիչ քաղաքականություն՝ փորձելով իր սահմանների երկայնքով հնարավորին սահմանափակել ամերիկյան ռազմական ներկայությունը։ Ըստ Պողոսյանի՝ ԱՄՆ-Թուրքիա-Ադրբեջանի հիմնական աշխարհաքաղաքական նպատակն էլ տարածաշրջանային ուղիները «Միջին միջանցքի» տրամաբանությանը ենթարկելն է, որպեսզի Կենտրոնական Ասիայից դեպի Եվրոպա գնացող բեռնահոսքերը շրջանցեն թե՛ Ռուսաստանը, թե՛ Իրանը։ Այս ճնշումների հետևանքով արգելակվել է նաև Չաբահար նավահանգիստ-Հայաստան-Վրաստան-Սև ծով ձգվող իրանա-հնդկական նախագիծը, ինչը Թեհրանին փաստացի զրկում է այլընտրանքային լոգիստիկ հնարավորություններից։
Անդրադառնալով ստեղծված իրավիճակում Հայաստանի դիրքորոշմանը՝ Արա Պողոսյանն արձանագրում է, որ Հայաստանի հիմնական խնդիրներից մեկը տարածաշրջանում սեփական ռազմավարության բացակայությունն է։
🎦զրույցն ամբողջությամբ
♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով