Հետք Մեդիա Գործարան / Hetq Media FactoryԱլյոնա ՀայրապետյանԵրբ 2020-ի մայիսին դեղ…

Հետք Մեդիա Գործարան / Hetq Media Factory
Ալյոնա Հայրապետյան
Երբ 2020-ի մայիսին դեղին գուաշով ներկած կավե ամանը ծնկներիս Ստեփանակերտից տեղափոխվում էի գյուղ, մտքովս էլ չէր անցնում, որ ընդամենը մի քանի օրից կվերադառնամ Ստեփանակերտ՝ լրագրությամբ զբաղվելու: Հայրս դեմ էր, իսկ մայրս ինչպես միշտ՝ վստահ չէր: Նրա համար այլ բաներ էին կարևոր: Օրինակ՝ բոլոր մարդկանց մեջ լավը տեսնելը:
— Ես քեզ էդ փողը տլանում, բայց քինիլ մի, էդ Խանումյանեն նհէտ գործ չօնիս,— ասում էր հայրս՝ Ժիրայր Հասրաթի Հայրապետյանը: Նա վառ ԱժԿ-ական էր, ու մի անգամ չէ, որ գյուղի դպրոցում ընտրություն է կեղծել: Բայց նա հավատում էր, որ դա հանուն բոլորի բարօրության է արել։ Ու գումար էլ դրա համար հաստատ չէր ուզում, հակառակ դեպքում իմ սենյակի առաստաղից տարիներ շարունակ մերկ լամպ կախված չէր լինի:
Ինձ շտապ սենյակ էր պետք Ստեփանակերտում, բայց ես ու հայրս կռվում էինք: Մայրս վստահեցնում էր, որ մեր գոռոցները լսվում են Քարահունջից: Դա մեր հարևան գյուղն է: Փակվեցինք. ամեն մեկն իր մեջ ու իր սենյակում:
Մի քանի օր անց հայրս տնքոցով Ստեփանակերտի Ազատամարտիկների 52 շենքի չորրորդ հարկ էր բարձրացնում իմ հեծանիվը, հետո կիթառը, վերջում՝ տաքացուցիչը: Վերջն այն էր, երբ ասաց. ես դեմ եմ այս ամենին, բայց լավ է, որ համառ ես: Հաջորդ մի ամիսը տնից բերած գրեչկան էի ուտում: Մերոնք չգիտեին, որ փող չունեմ, ու աշխատավարձ պարզ չէր՝ երբ էի ստանալու: Ստանալո՞ւ էի արդյոք, ես էլ չգիտեի: Չգիտեր նաև Հայկ Խանումյանը, որովհետև նա էլ փող չուներ: Բայց մենք ունեցանք կայք, որովհետև ունեինք ընկեր այթիշնիկ, ունեցանք անուն ու անճաշակ լոգո: Ունեցանք նաև պայմանավորվածություն, որ ես ամիսը մի անգամ 50 000 դրամ եմ ստանալու: Դա այն գումարն էր, որ բավարար էր սենյակի վարձը տալու և սոված չմնալու համար:
Ես չիմացա, թե որտեղից էր նա ինձ տալիս այդ գումարը: Ինձ հետաքրքիր էլ չէր, քանի որ ես ուրիշ, ավելի հետաքրքիր բաներ էի իմանում: Որ նախագահ Բակո Սահակյանը և նրա օգնականը կարող են նույն մարդը լինել: Որ կարող են սպառնալ Արցախի նախագահին զանգելու համար: Որ Արայիկ Հարությունյանը կարող է կարմրել ու շփոթվել իմ հարցերից ուղիղ հեռարձակվող մամուլի ասուլիսի ժամանակ: Որ Արցախի ամենահարուստ պատգամավորներից էր մինչև վերջերս ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, որովհետև Ստեփանակերտի կենտրոնում ընտանեկան բիզնես ուներ: Որ հետևողականությամբ հնարավոր է կանխել լոգոպեդին ծանոթի կարգով դպրոցի տնօրեն նշանակելը: Որ կարող են Անվտանգության խորհրդից խնդրել՝ կայքից նյութ հանել, քանի որ երկու հայկական պետությունների միջև սկանդալ է հասունանում: Ես նույնիսկ պարզեցի Օգանովսկու աշխատասենյակի աթոռների չափը. դրանք այնքան մեծ էին, որ նստելիս ոտքերս հայտնվել էին օդում:
Ի վերջո, ես գտել էի այն, ինչը հաճախ փնտրում ու չեն գտնում: Ես գտել եմ այն գործը, որը սիրով եմ անում:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *