«Ազգային անվտանգության ծառայության պահեստազորի սպաների միությունն» ու «Գիտակից հ…


«Ազգային անվտանգության ծառայության պահեստազորի սպաների միությունն» ու «Գիտակից հասարակություն» սոցիալ-իրավական կենտրոնը պայմանավորվել են համատեղ պայքար սկսել ինտերնետ շահումով խաղերի դեմ։
Երկու կառույցներն այսօր համապատասխան հուշագիր են ստորագրել։ Նրանց տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ վերջին վեց տարիների ընթացքում Հայաստանում ինտերնետ շահումով խաղերի ոլորտում կատարված խաղադրույքների ընդհանուր գումարը աճել է աննախադեպ 2037% ով՝ կազմելով շուրջ 67 միլիարդ ԱՄՆ դոլար։
«Այդ գումարների ծագումը լուրջ հարցեր է առաջացնում, մասնավորապես՝ անհասկանալի է, թե ինչ աղբյուրներից են գոյանում այդ գումարները և ինչպես և ում են տրվել շուրջ 65 միլիարդ ԱՄՆ դոլար շահումները, ինչպես նաև՝ ինչ վերահսկողության մեխանիզմներ են ներդրված պետության, իրավապահ մարմինների և Կենտրոնական բանկի կողմից՝ այս գործընթացի կառավարման համար», — նշված է հաղորդագրության մեջ։
Ուշադրության է արժանի նաև այն հանգամանքը, որ նշված խնդիրը ներառում է ոչ միայն ֆինանսական վերահսկողության անհրաժեշտություն, այլև «ուղիղ առնչություն ունի ազգային անվտանգության հետ՝ հնարավոր փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի համատեքստում»։
Միևնույն ժամանակ, երկու կառույցներն ընդգծում են, որ հարյուր հազարավոր քաղաքացիներ, ներառյալ սոցիալականապես խոցելի խմբերի ներկայացուցիչները, հայտնվել են ֆինանսական ծանր իրավիճակում՝ զրկվելով իրենց խնայողություններից՝ վտանգելով ընտանիքների սոցիալական բարեկեցությունը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով