2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը սանձազերծեց լայնամասշտաբ պատերազմ ընդդեմ…

2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը սանձազերծեց լայնամասշտաբ պատերազմ ընդդեմ Արցախի․․․
Այս մի նախադասության մեջ կա անսահման ցավ, պայքար, կորուստ ու օդում կախված հարցերի շարք։ Բայց հինգ տարի անց, մտածելով օրվա խորհրդի մասին, ես հասկացա, որ չեմ ուզում որևէ ղեկավարի հիշատակել այսօր. սա ինձ համար պայքարի ու կամքի բացառիկ օրինակ ցուցաբերած հազարավոր լուսավոր երիտասարդների հիշատակի ու նրանց կռվի և զոհողության առաջ խոնարհման օրն է։ Սա այն օրն է, երբ ևս մեկ անգամ հասկանում ես, որ դու հենց այդ պայքարից ես ուժ ստանում։ Ես իրենց կռվի համար հավերժ երախտապարտ եմ, ես իրենց պարտք եմ, պարտքի զգացողություն ունեմ հենց իրենց առաջ։ Գիտակցումը, որ այդ լուսավոր, երազանքներով լի տղաները, որոնցից շատերը ծնվել էին 2000, 2001 և 2002 թվականին, չկան այսօր, չկան, որովհետև սեր ունեին իրենց մեջ, պայքար, աննկուն կամք. չկան, որովհետև հավատում էին իրենց կռվին, որովհետև պաշտպանում էին թիկունքում մնացածներին․․․ Այսօր՝ հինգ տարի անց, հենց այդ թիկունքայինները չհանձնվելու, խելք հավաքելու, կամք դրսևորելու կարիք ունեն։
Գոռը, Դավիթը, Արսենը, Աշոտը, Գևորգը, Էրիկը, Համլետը, Լևոնը․․․ Տղաները վիճակագրություն չեն, կլորացվող թվեր չեն, նրանք լուսավոր, վառ անուններ են, սիրուն ժպիտներ են, իրենց հարազատների հենման կետն են, օդում մնացած երազանքներ են, սպասում, ցավ, կորուստ ու խոնարհում են։
Հարցեր կարելի է տալ տարվա մնացած այլ օրերին, իսկ այսօր նրանց լուսավոր անունների օրն է, նրանց աներևակայելի համառ պայքարը հարգելու և դրա առջև գլուխ խոնարհելու օրն է․․․

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով