Տիեզերքում տեղի ունենալիք որոշ երևույթների 2026 թվականին հնարավոր կլինի հետևել ն…

Տիեզերքում տեղի ունենալիք որոշ երևույթների 2026 թվականին հնարավոր կլինի հետևել նաև Հայաստանի տարածքից: Սակայն մեզ համար նկատելի չի լինի, օրինակ, Արևի ամբողջական խավարումը: Ի՞նչ կարող ենք այս տարի տեսնել`մեր հայացքը դեպի երկինք ուղղելիս: Այս և այլ հարցերի մասին է «Արմենպրես»-ի հարցազրույցը Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանի հետ:
— Ո՞րն եք համարում 2025 թվականին Բյուրականի աստղադիտարանի գիտնականների կատարած ամենանշանակալի հետազոտությունը կամ հայտնագործությունը: Նմանապես ո՞րն էր, ըստ Ձեզ, աշխարհում ամենանշանակալի աստղագիտական իրադարձությունը նախորդ տարի:

— Լավ աշխատանքներ շատ ունենք, հայտնաբերել և հայտնաբերում ենք բազմաթիվ տիեզերական նոր օբյեկտներ: Սակայն կուզենայի առանձնացնել հատկապես մեր գլխավոր գիտաշխատող Գագիկ Տեր-Ղազարյանի աշխատությունը, որն արժանացավ բարձր գնահատականի և մեծ արձագանք ստացավ գիտական շրջանակներում: Հեղինակը սահմանել և հաշվարկել է աստղագիտական մարմինների հեռանալու իրական՝ «կինետիկ» արագությունը, ինչն այդ մարմինների «կարմիր շեղման» ցանկացած արժեքների դեպքում մշտապես փոքր է մնում «վակուումում լույսի տարածման» արագությունից: Այսպիսով, Գագիկ Տեր-Ղազարյանը, դրսևորելով հատուկ մոտեցում, ստեղծել է իր տեսությունը և լուծել Էյնշտեյնի «Հարաբերականության տեսության» մի կարևորագույն խնդիր, որի լուծումը 1915 թվականից մինչև անցյալ տարի չէր հաջողվում գտնել: Գագիկ Տեր-Ղազարյանի ներկայացրած համակարգում բոլոր արագություններն արդեն տեղավորվում են լույսի արագության ավելի ցածր տիրույթում:
Ինչ վերաբերում է Հայաստանի սահմաններից դուրս տեղի ունեցած նշանակալի իրադարձություններին, ապա շատ եմ կարևորում Եվրոպական տիեզերական գործակալության Gaia տիեզերական դիտակի հաղորդած տվյալները, որոնք առավել մանրակրկիտ են ներկայացնում մեր գալակտիկայի պատկերը: Կան ևս մի քանի նշանակալի աշխատանքներ, բայց առավել տարածվածները հիմնականում առնչվում են մեծ տվյալների բազաներին:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով