Միջազգային լրատվամիջոցներում բավական մեծ աղմուկ է բարձրացրել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ …

Միջազգային լրատվամիջոցներում բավական մեծ աղմուկ է բարձրացրել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր այցից հետո կատարված առաջին գրառման հեռացումը X սոցիալական հարթակում նրա էջից
Ջեյ Դի Վենսը և նրա կինը՝ Ուշա Վենսը, փետրվարի 10-ին այցելել էին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ էին դրել Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ, որից հետև X-ում Վենսի էջում հրապարակված գրառման մեջ նշվել էր, որ փոխնախագահը և ԱՄՆ Երկրորդ տիկինը ծաղկեպսակ են դրել

«Հայոց ցեղասպանության հուշահամալիրում՝ հարգանքի տուրք մատուցելով 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերին»։

ԱՄՆ փոխնախագահն իր էջում այնուհետև կիսվել է իր խոսնակի կատարած հետևյալ գրառմամբ.

«Փոխնախագահը և Երկրորդ տիկինը ծաղիկներ են դրել անմար կրակին և գրառում արել հուշամատյանում Հայաստան այցի վերջին օրը»։

Գրառմանը կցվել են նաև լուսանկարներ և հուշամատյանում Վենսի գրառումը։
CNN-ը գրում է, որ այս մասին հարց են ուղղել Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթին, որը նշել է, որ ԱՄՆ վարչակազմի քաղաքականության մեջ որևէ փոփոխություն չի եղել։

«Ինչ վերաբերում է ձեր նշած հայաստանյան թվիթին, կարող եք հղում կատարել Սպիտակ տան կողմից Հայերի հիշատակի օրը հրապարակված ուղերձին, և այս պահին քաղաքականության մեջ որևէ փոփոխություն չի եղել», — ասել է Լևիթը փետրվարի 10-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

Իր հերթին, Reuters-ը հաղորդում է, որ Վենսի օգնականը, որի անունը չի նշվում, հայտարարել է, որ առաջին գրառումը հրապարակվել է սխալմամբ, անձնակազմի անդամներից մեկի կողմից, որն ԱՄՆ փոխնախագահի պատվիրակության մաս չէր կազմում Հայաստան այցի ընթացքում։

«Սա օգտահաշիվ է, որը կառավարվում է անձնակազմի կողմից և հիմնականում փոխնախագահի գործունեությանն առնչվող լուսանկարներով և տեսանյութերով կիսվելու համար է», — ասել է Վենսի խոսնակը՝ հավելելով, որ նրա տեսակետները լավագույնս ներկայացվում են լրագրողներին հենց նրա կողմից տրված մեկնաբանություններում։

Հայաստանից մեկնելիս «Զվարթնոց» օդանավակայանում Վենսը լրագրողների հետ զրույցում անդրադարձել էր այս հարցին ևս՝ նշելով, որ Ծիծեռնակաբերդ է այցելել հայկական կողմի առաջարկով։

«Նրանք ասացին՝ «սա մեզ համար շատ կարևոր վայր է», և ակնհայտ է, որ ես առաջին (ԱՄՆ) փոխնախագահն եմ, որ երբևէ այցելել է Հայաստան։ Նրանք խնդրեցին մեզ այցելել այդ վայր։ Բնականաբար, շատ սարսափելի բան է տեղի ունեցել հարյուր տարուց մի փոքր ավելի առաջ, և դա շատ, շատ կարևոր է նրանց համար մշակութային առումով», — մեջբերում է Վենսի խոսքերը The Associated Press գործակալությունը, որը նույնպես հոդված է հրապարակել փոխնախագահի էջում գրառման հեռացման թեմայով։

Բացի, CNN-ից, Reuters-ից, The Associated Press-ից, թեմային անդրադարձել են նաև The Wall Street Journal-ը, The New York Times-ը, Bloomberg-ը, The Washington Times-ը, բրիտանական The Independent-ը, իսրայելական The Times of Israel-ը, ռուսական ՌԲԿ, Լենտա պարբերականները և այլ լրատվամիջոցներ։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով