Տեխնոլոգիական ոլորտում գործունեություն իրականացնող ընկերությունների թիվը Հայաստա…

Տեխնոլոգիական ոլորտում գործունեություն իրականացնող ընկերությունների թիվը Հայաստանում անցած տարի հասել է 12 հազար 26-ի՝ 2024 թվականի 8396-ի համեմատ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը փետրվարի 16-ի ամփոփիչ ասուլիսի ընթացքում։
Անդրադառնալով վերջին մի քանի տարում տեխնոլոգիական ոլորտի որոշ ցուցանիշների՝ նախարարը մանրամասնեց, որ գործող ընկերությունների թիվը 2017 թվականի 650-ի համեմատ՝ անցած տարվա դրությամբ աճել է 18,5 անգամ։
«Գործող ընկերություններում աշխատակիցների թիվը 2017-ին կազմել է 15 հազար 350, 2024-ին 21 հազար 541, իսկ 2025 թվականին՝ 41 հազար 431։ Աճը 2017-ի համեմատ կազմել է 2,6 անգամ»,-մանրամասնեց Հայրապետյանը։
Նրա խոսքով՝ ոլորտի շրջանառությունն անցած տարի կազմել է ավելի քան 1 տրիլիոն դրամ՝ 2024 թվականի 915 մլրդ 805 մլն դրամի փոխարեն։ Անցած տարվա տվյալներով՝ տեխնոլոգիական ոլորտում շրջանառությունը 2017 թվականի համեմատ (306 մլրդ 40 մլն դրամ) աճել է ավելի քան 3,2 անգամ:
Անցած տարվա դրությամբ, 2017 թվականի համեմատ, 5,2 անգամ աճել է ոլորտի արտահանումների ընդհանուր ծավալը։ Մասնավորապես՝ այդ ցուցանիշը 2017 թվականին կազմել էր 135 մլրդ 440 մլն դրամ, 2024-ին այն հասել է 702 մլրդ 100 մլն դրամի, իսկ անցած տարի՝ 711 մլրդ 500 մլն դրամի։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով