Երևանում նախատեսվող «Աջափնյակ» մետրոյի կայարանի հարող տարածքում քաղաքապետ Տիգրան…

Երևանում նախատեսվող «Աջափնյակ» մետրոյի կայարանի հարող տարածքում քաղաքապետ Տիգրան Ավինյանի հանձնարարականով քաղաքաշինական ներդրումային ծրագիր է մշակվել և համապատասխան մրցույթ անցկացվել։
Երևանի քաղաքապետարանի փետրվարի 23-ի գործակարգավարական նիստում այդ մասին զեկուցեց քաղաքապետի խորհրդական Անետա Բաբայանը։

«Նախաորակավորման փուլի ընթացքում դիմել են 7 միջազգային և տեղական ընկերություններ, որոնցից երկուսը որակավորվել են։ Արդեն ուղարկել ենք, որպեսզի առաջարկներն ամբողջական ներկայացնեն, որի վերջնաժամկետը մարտի 3-ն է։ Դրանից հետո արդեն կամփոփենք՝ վերջնական տեխառաջադրանք, բանակցություններ և պայմանագրի կնքում։ Ակնկալում ենք, որ հունիսի կեսերից աշխատանքները կմեկնարկեն»,-ներկայացրեց Բաբայանը։

Նա մանրամասնեց, որ այդ առաջարկների շրջանակում ակնկալվում է հարակից տեղանքում որոշակի լուծումներ՝ ինչպես քաղաքաշինական բովանդակությամբ, այնպես էլ ներդրումային ծրագրի մշակում, որով հնարավոր կլինի ներդրումային փաթեթ ձևավորել։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը պարզաբանեց, որ հանձնարարականի տրամաբանության համաձայն՝ նախատեսվող «Աջափնյակ» կայարանի հատվածում կիրականացվի բիզնես տրամաբանությամբ ծրագիր, ինչը որոշակիորեն կմեղմի կայարանի կառուցման ծախսերը։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով