Եվրամիությանը Հայաստանի ինտեգրվելու ճանապարհին այս պահին ամենամեծ խնդիրը ԵՄ-ի եւ…

Եվրամիությանը Հայաստանի ինտեգրվելու ճանապարհին այս պահին ամենամեծ խնդիրը ԵՄ-ի եւ Վրաստանի միջեւ քաղաքական երկխոսության սառեցված վիճակն է։
Եվրախորհրդարանում ունեցած ելույթում այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Վրաստանը մեզ համար ճանապարհ է դեպի Եվրոպական Միություն, եւ մենք Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքը ընդունեցինք այն բանից հետո, երբ Վրաստանը ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ ստացավ։ Սա Հայաստանի ԵՄ անդամագրման հեռանկարը դարձրեց շոշափելի եւ մեր ակնկալիքն ու խնդրանքն է, որ Եվրոպական Միություն–Վրաստան կառուցողական գործընթացը զարգանա։ Դա կարեւոր է Հայաստանի համար, նույնքան կարեւոր, որքան Վրաստանի համար», — նշել է Փաշինյանը։

Վարչապետը նկատել է՝ «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի ընդունումից հետո շատերն են Հայաստանում հարցնում, թե երբ Հայաստանը կդառնա Եվրոպական միության անդամ։

«Մեր պատասխանը շատ հստակ է․ որեւէ երկիր առանց Եվրոպական միության չափանիշներին համապատասխանելու չի կարող դառնալ ԵՄ անդամ։ Հետեւաբար մեր խնդիրն է, եվրոպացի մեր գործընկերների աջակցությամբ շարունակել բարեփոխումների ճանապարհը եւ նախ օբյեկտիվորեն համապատասխանել ԵՄ անդամագրման չափանիշներին։
Երբ սա տեղի ունենա, կա երկու ճանապարհ․ կամ ԵՄ–ն մեզ կընդունի, կամ չի ընդունի։ Այսպես ասում եմ, որովհետեւ հասկանում եմ, որ ԵՄ ընդլայնումը, նոր անդամի ներգրավումը պարզ հարց չէ, ու նաեւ քաղաքական որոշման խնդիր է։
Հետեւաբար, եթե ԵՄ–ն Հայաստանը կընդունի որպես լիիրավ անդամ, շատ լավ է։ Եթե չի ընդունի, մենք էլի կշահենք, որովհետեւ կլինենք ԵՄ ստանդարտներին համապատասխանող երկիր», — ընդգծել է Փաշինյանը։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով