Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Սուրեն Աղաջանյանը գոհ է առաջնության ընթացքից:
«Կային սխալներ, որոնց վրա պետք է աշխատեմ՝ մեծահասակների մրցաշարերում դրանք չկրկնելու համար: Հիմա արդեն պատրաստվում եմ մեծահասակների Եվրոպայի առաջնությանը: Ինձ համար Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնությունում առանձնահատուկ էր լեհ ըմբիշի հետ գոտեմարտը, քանի որ ինչ-որ պահի կորցրել էի զգոնությունս, սակայն վերգտա ինձ ու հաղթեցի»,-«Արմենպրես»-ի մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Աղաջանյանը:
ԵԱ-ի ոսկե մեդալակիր Արամայիս Հարությունյանի համար առաջնությունում կարևոր գոտեմարտը եզրափակիչն է եղել:
«Ինձ համար Եվրոպայի այս առաջնությունում առանձնահատուկ էր եզրափակիչ գոտեմարտը: Մրցակիցս Եվրոպայի եռակի ու աշխարհի կրկնակի չեմպիոնն էր: Մրցակցությունը նույնիսկ մինչ եզրափակիչ արդեն իսկ լարված էր: Ինձ համար այս հաղթանակը սպասելի էր»-առանձնացրեց նա:
Եվրոպայի փոխչեմպիոն Սամվել Տերտերյանի համար բոլոր գոտեմարտերն էլ հավասարապես կարևոր են եղել:
«Մինչ եզրափակիչը ունեցել եմ երեք գոտեմարտ և բոլորին էլ հաղթել եմ հավասար հաշվով: Դեռևս մարզիչների հետ վերլուծություն չենք արել, սակայն ունենք ժամանակ սխալները հասկանալու համար: Առաջիկայում հավաքների ենք, որոնց ընթացքում կփորձենք վերլուծել բացթողումները»,-ասաց նա:
Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Մանվել Խաչատրյանը հաջորդիվ ձգտելու է չեմպիոնության:
«Մեծ սպասելիքներով էի մեկնարկել Եվրոպայի առաջնությանը, և ձգտումս էր, որ ոսկե մեդալ նվաճեի, սակայն բավարարվեցի միայն բրոնզե մեդալով: Հաջորդ մրցաշարերին փորձելու եմ բարելավել արդյունքները»,-եզրափակեց նա:
Թողնել պատասխան