Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանը…

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանը հայտարարեց, որ Հայաստանի դեմ հիբրիդային միջամտությունները դրսևորվում են տարբեր երկրների մեդիա հարթակներում, հիմնականում՝ ռուսական, թուրքական և ադրբեջանական
Խորհրդարանական ճեպազրույցի ընթացքում, արձագանքելով ընդդիմության հայտարարություններին, թե իշխանությունները խուսափում են նշել հիբրիդային միջամտությունների աղբյուր պետությունը, Մինասյանը նշեց, որ անհրաժեշտ է նախ հստակ հասկանալ հիբրիդային հարձակման բնույթը։

«Նախ մեր ընդդիմադիրներին հորդորում եմ հասկանալ՝ ի՞նչ է հիբրիդային հարձակումը, հետո՝ պնդումներ անել»,- ասաց նա։

Պատգամավորի խոսքով՝ հիբրիդային հարձակումները վերաբերում են արտաքին միջամտությանը, որը կարող է իրականացվել տարբեր ուղղություններով, այդ թվում՝ տեղեկատվական դաշտում։

«Արտաքին միջամտության տեսանկյունից տարբեր են երկրները, և մենք դրա դրսևորումները տեսնում ենք՝ շատ բացահայտ, հստակ կերպով և՛ ռուսական, և՛ թուրքական, և՛ ադրբեջանական մամուլում»,- նշեց Մինասյանը։

Նա ընդգծեց, որ նման միջամտությունները հաճախ արտահայտվում են կեղծ տեղեկությունների տարածմամբ, այդ թվում՝ վարչապետի և իշխանությունների վերաբերյալ։

«Հրապարակումները լինում են տարբեր անանուն կայքերում կամ հայտնի կայքերի անունների փոփոխված տարբերակներով՝ քաղաքացիներին շփոթեցնելու համար»,- ասաց պատգամավորը։

Մինասյանի խոսքով՝ իշխանությունները փորձում են արագ արձագանքել նման հրապարակումներին և հերքել կեղծ տեղեկությունները՝ մինչև դրանք լայն տարածում կստանան։
Նա նաև կոչ արեց լրատվամիջոցներին հետևել պաշտոնական հերքումներին և աջակցել կեղծ տեղեկությունների դեմ պայքարին։

«Մենք աշխատում ենք պրոակտիվ կերպով հերքել այդ տեղեկատվությունը, և հորդորում եմ լրատվականներին հետևել այդ հերքումներին և տարածել դրանք»,- նշեց նա։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով