Ինչպես հայտնում է բելառուսական ԲԵԼՏԱ գործակալությունը, այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովի հետ հանդիպման ընթացքում։
Լուկաշենկոն նշել է, որ կազմակերպությունում առկա են ինչպես ձեռքբերումներ, այնպես էլ խնդիրներ, որոնց մասին ինքը բազմիցս խոսել է միջազգային հարթակներում։ Նրա խոսքով՝ հատուկ ուշադրություն պահանջող հարցերից մեկը Հայաստանի հետ հարաբերություններն են։
«Մենք պետք է ավելի կոռեկտ և ճշգրիտ լինենք Հայաստանի հետ աշխատանքում։ Դուք գիտեք, որ Հայաստանը, կարծես թե, չի աջակցում ՀԱՊԿ-ում աշխատանքին, բայց միևնույն ժամանակ մնում է կազմակերպությունում»,- ասել է Բելառուսի նախագահը։
Նա հավելել է, որ Հայաստանում իրավիճակը բարդ է, հատկապես ընտրական գործընթացների համատեքստում։
«Պետք է շատ կոռեկտ լինել։ Հայաստանում բարդ իրավիճակ է այս առումով, հատկապես ընտրական շրջանում։ Շատ բարդ իրավիճակ է։ Ուստի, մենք պետք է շատ զգույշ լինենք Հայաստանի հետ հարաբերություններում»,- նշել է Լուկաշենկոն։
Հայաստանը 2024 թվականի փետրվարից սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ի աշխատանքներին։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդ մասին հայտնել էր France 24-ին տված հարցազրույցում՝ շեշտելով, որ ՀԱՊԿ-ը չի կատարել անվտանգային ոլորտի պարտավորությունները Հայաստանի նկատմամբ։
Թողնել պատասխան