Իրանի պատվիրակության կազմն ապրիլի 10-ին Պակիստանում ԱՄՆ-ի հետ պլանավորված բանակց…

Իրանի պատվիրակության կազմն ապրիլի 10-ին Պակիստանում ԱՄՆ-ի հետ պլանավորված բանակցություններում կախված կլինի այն բանից, թե ով կներկայացնի ամերիկյան կողմը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին BBC-ի հետ հարցազրույցում հայտարարել է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Սայիդ Խաթիբզադեն։

«Ամեն ինչ կախված կլինի այն բանից, թե ով կգլխավորի մյուս կողմի պատվիրակությունը, այդ ժամանակ մենք կկազմենք մեր պատվիրակությունը՝ ելնելով դրանց։ Մեր ըմբռնմամբ, և դա ամերիկացիները հայտնել են Պակիստանի միջոցով, մյուս կողմից պատվիրակության ղեկավարը կլինի (ԱՄՆ) փոխնախագահ Վենսը, մեր կողմից պատվիրակությունը կգլխավորի Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը», — ասել է դիվանագետը։

Նա պարզաբանել է, որ բանակցություններին ընդառաջ Թեհրանը ուշադիր կհետևի իրադարձություններին։
ԱԳ փոխնախարարը նաև դատապարտել է Իսրայելի հարձակումները Լիբանանի վրա, որոնց հետևանքով ապրիլի 8-ին 203 մարդ է զոհվել։ Նրա խոսքով՝ չի կարելի հրադադար խնդրել, ընդունել դրա պայմանները, ընդունել, որ այն պետք է տարածվի բոլոր կողմերի վրա, այնուհետև դրանից դուրս թողնել Լիբանանը։
Նա նշել է, որ Իսրայելի հարվածները Լիբանանին ԱՄՆ-ի հետ ձեռք բերված հրադադարի «կոպիտ խախտում» են։ Նրա խոսքով՝ Իրանը «Մերձավոր Արևելքում բոլորին խնդրում է հետևել այս համաձայնությանը» և սպասում է, որ նույնն ամերիկացիները կանեն իրենց դաշնակիցների դեպքում։
Խաթիբզադեն նաև հայտարարել է, որ Իրանը կապահովի Հորմուզի նեղուցով նավերի անվտանգ անցումը, սակայն նեղուցի վերաբացումը տեղի կունենա միայն այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն իսկապես «վերջ դնի այս ագրեսիային»։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով