Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ընդդիմադիր որոշ ուժերի կողմից հ…

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ընդդիմադիր որոշ ուժերի կողմից հնչող հայտարարություններին Հայաստանում հարկային բեռի ծանր լինելու մասին։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետը թեմային անդրադարձել է Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում։

«Ես լիարժեք ըմբռնմամբ եմ վերաբերվում ընդդիմության հայտարարությանը հարկային բեռի ծանր լինելու մասին, որովհետև այդ ընդդիմությունը, երբ իշխանության էր, սովոր էր, որ իրենք հարկեր չպետք է վճարեն, և բնականաբար, երբ հիմա նրանք ստիպված են աշխատել հարկային դաշտում, դա նրանց համար ծանր է։ Իրենք, ըստ էության, բիզնեսմեն չեն, իրենք կոռուպցիոն համակարգերի գործածմամբ հարկերից խուսափելու և այդ ճանապարհով մրցակիցներին շուկայից դուրս հանելու ու ջերմոցային պայմաններում փող աշխատելու և, ինչպես ընդունված է ասել, թալանելու մասնագետներ են։ Այնպես որ, հասկանալի է, որ հիմա, երբ այդ հնարավորություն չկա, դա նրանց ծանր է թվալու»,- ասել է Փաշինյանը։

Հարցին, թե առաջիկայում հարկային դաշտում փոփոխությունների անհրաժեշտություն տեսնո՞ւմ է, Փաշինյանը պատասխանել է, որ հիմա մտածում են միկրոբիզնեսի համար սահմանված 24 միլիոն դրամ շրջանառության շեմը բարձրացնելու մասին։

«Ես ուզում եմ հիշեցնել, որ հենց մեր կառավարման շրջանում է ձևավորվել միկրոբիզնեսի համակարգը, երբ ամենափոքր բիզնեսների համար ստեղծվել են հատուկ պայմաններ, և մեր քաղաքականությունն է խթանել, որպեսզի բիզնեսները ոչ թե լինեն գնալով պակաս ու պակաս հաջողակ, այլ ավելի հաջողակ։
Եվ մենք առաջիկայում, իհարկե, տեսնում ենք հնարավորություն միկրոբիզնեսի շեմը բարձրացնելու։ Հիմա շեմը 24 միլիոն դրամ է, և ակնհայտ է, որ 24 միլիոնի շեմը՝ այդ թվում գնաճային երևույթների պատճառով, այլևս արդիական չէ, և մենք մտածում ենք միկրոբիզնեսի շեմը բարձրացնելու մասին, որպեսզի նրանք, որոնք փոքր են իրոք աշխատեն հատուկ պայմաններում, իսկ մյուսները հնարավորություն չունենան փոքր անվան ներքո խուսափել հարկերից»,- մանրամասնել է վարչապետը։

Նա հիշեցրել է, որ 2018 թվականի հետո պարզվեց, որ շատ խոշոր բիզնեսներ ինքնակտրտման են ենթարկվում և դառնում են փոքր բիզնեսներ՝ այդպիսով խուսափելով հարկերից, ինչի հնարավորությունն այսօր շատ սահմանափակ է։

«Ես ուզում եմ դիմել Հայաստանում աշխատող, արդյունք ստեղծող, հարկեր գեներացնող և վճարող քաղաքացիներին, որ նրանք տեսնեն, որ իրենց վճարած հարկերը դարձնում ենք հոյակերտ և ժամանակակից բոլոր պայմաններին համապատասխանող մանկապարտեզներ, դպրոցներ, որոնք հագեցած են ժամանակակից գույքով և ենթակառուցվածքներով։ Եվ էլի ուզում եմ ընդգծել, որ հարկերը պետության և ինքնիշխանության կարևոր ատրիբուտներից են։ Ես ուզում եմ Հայաստանի քաղաքացիներին կոչ անել, որպեսզի որևէ գնում անելիս՝ չմոռանան պահանջել ՀԴՄ-ն, որովհետև նաև դրանով է, որ մենք ապահովում ենք առողջության ապահովագրություն, թոշակների բարձրացում»,- նշել է Փաշինյանը։

Փաշինյանը շեշտել է՝ նրանք, որոնց հանրային խոսույթը հարկերի դեմոնիզացիան է, ուզում են չեղարկել առողջության ապահովագրությունը, ուզում են չեղարկել թոշակների բարձրացումը, ուզում են կասեցնել դպրոցների և մանկապարտեզների շինարարությունը, ճանապարհների շինարարությունը և այլն։

«Կա հարկ՝ կա բարեկեցություն, չկա հարկ՝ չկա բարեկեցություն։ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու բարեկեցությունն առաջին հերթին կախված է ոչ թե նրանից, թե ինչքան ծախս է ինքն անում իր բարեկեցության համար, այլ առաջին հերթին կախված է նրանից, թե ինչքան ծախս է նրա բարեկեցության համար անում պետությունը»,- եզրափակել է Նիկոլ Փաշինյանը։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով