Ազգային ժողովի 2026 թվականի խորհրդարանական ընտրության քարոզարշավի ընթացքում արձա…

Ազգային ժողովի 2026 թվականի խորհրդարանական ընտրության քարոզարշավի ընթացքում արձակուրդում գտնվող վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ սահմանազատման և փախստականների վերաբերյալ հարցերում կառավարության սկզբունքները։
Քաղաքացիներից մեկը Փաշինյանից հետաքրքրվեց այսպես կոչված «անկլավների» հարցով։

«Մենք ինքներս ունենք խնդիր՝ Արծվաշենը ՀՀ ինքնիշխան տարածք է, և մենք չենք կարող հրաժարվել, չենք կարող ասել Արծվաշենը չկա։ Սահմանազատման արդյունքում մենք լուծումներ պետք է գտնենք, թե ինչ ենք անելու։ Կոնֆլիկտը հաղթահարված է, հիմա մենք սահմանազատման արդյունքում պետք է վերջին հետևանքները լուծենք։ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը նույն սկզբունքով ճանաչել ենք, ինչ սկզբունքով իրենք են մեր տարածքային ամբողջականությունը ճանաչել»,- ասաց Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև փախստականների վերադարձի վերաբերյալ քաղաքացու հարցերին։

«Ինչքան մենք ասում ենք Բաքվի փախստականներ, Ղարաբաղի, Սումգայիթի, Նախիջևանի և այլն… ռազմավարական գործարքի էությունը սա է՝ երկու երկրները կենտրոնանում են իրենց միջազգայնորեն ճանաչված տարածքների վրա, Ղարաբաղի ժողովուրդը տնավորվում է այստեղ, մյուս մեր փախստական եղբայրներն ու քույրերը տնավորվում են այստեղ, ու կենտրոնանում ենք Հայաստանի Հանրապետությունում, պանդուխտի, գաղթականի տրամաբանությունն ու էջերը փակում ենք։ Նույնն էլ վերաբերում է Ադրբեջանին»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով