Նարեկ Կարապետյանի կողմից այլ երկրի քաղաքացի լինելու կամ եղած լինելու տեղեկությու…

Նարեկ Կարապետյանի կողմից այլ երկրի քաղաքացի լինելու կամ եղած լինելու տեղեկությունն առերևույթ թաքցնելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Հայաստանի քննչական կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել «Ուժեղ Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանի կողմից այլ երկրի քաղաքացիություն ունենալու կամ ունեցած լինելու մասին տեղեկությունն առերևույթ թաքցնելու դեպքի առթիվ։ 
Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։ 

«ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից ստացված առերևույթ հանցանքի մասին հաղորդման համաձայն՝ 2026 թվականի հունիսի 7-ին ՀՀ ԱԺ հերթական ընտրություններում «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջին համարով առաջադրված պատգամավորի թեկնածու Ն.Կ.-ն, նախազգուշացված լինելով կեղծ տեղեկություններ հայտնելու դեպքում օրենսդրությամբ սահմանված պատասխանատվության մասին, դիտավորությամբ թաքցրել է օտարերկրյա քաղաքացիություն ունենալու կամ ունեցած լինելու մասին տեղեկությունը, այն է՝ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայություն է ներկայացրել այլ պետության քաղաքացի չլինելու մասին բովանդակությամբ կեղծ դիմում՝ այդ կերպ թաքցնելով պաշտոնատար անձի կարգավիճակ ձեռք բերելուն խոչընդոտող՝ օտարերկրյա քաղաքացիություն ունենալու մասին տեղեկությունը»,- ասված է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ: 

Նշվում է, որ հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 449-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձի կարգավիճակ ձեռք բերելուն կամ պահպանելուն խոչընդոտող տեղեկությունները թաքցնելը):
Կատարվում է նախաքննություն:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով