Սյունիքի մարզի հիմնանորոգված 3 ճանապարհահատվածներում ի հայտ են եկել թերություննե…

Սյունիքի մարզի հիմնանորոգված 3 ճանապարհահատվածներում ի հայտ են եկել թերություններ, որոնք շինարարը վերացնում է սեփական միջոցներով։ Այս մասին հաղորդագրություն են տարածել Ճանապարհային դեպարտամենտից՝ ներկայացնելով մանրամասներ․

«Մ-2 միջպետական ճանապարհի` Ծղուկից Սառնակունք և Սպանդարյան տանող մոտ 7.5կմ հատվածում (կմ182+532-կմ190+000) կատարված հիմնանորոգման աշխատանքները հանձնաժողովի կողմից չեն ընդունվել շահագործման առկա թերությունների պատճառով։ Կապալառու կազմակերպությանը տրվել է ողջամիտ ժամկետ՝ թերությունները վերացնելու համար։ Աշխատանքներն այժմ ընթացքի մեջ են։

Մ-2 միջպետական ճանապարհի կմ91+600-կմ98+000-ում՝ Վայոց ձորի մարզի Ելփին բնակավայրի հարակից հատվածում, հիմնանորոգման աշխատանքներն իրականացվել են 2025 թվականին, և ճանապարհն ընդունվել է շահագործման։ Երաշխիքային ժամկետի ընթացքում ի հայտ են եկել թերություններ, և կապալառուն, համաձայն պատվիրատուի հետ կնքված պայմանագրի համապատասխան կետի, իր միջոցներով արդեն իսկ վերացրել է թերությունները՝ 6.4կմ ճանապարհահատվածում տեղադրելով նոր ասֆալտբետոնե ծածկ։

Տաթևի խաչմերուկից մինչև Սատանի կամուրջ շուրջ 19կմ ճանապարհահատվածում նույնպես այս պահին կատարվում են թերությունների վերացման աշխատանքներ։ Հիմնանորոգումն այստեղ ավարտվել է նախորդ տարի, սակայն երաշխիքային ժամկետում առաջացած խնդիրների պատճառով կապալառուն պարտավորվել է շուրջ 19կմ երկարությամբ հատվածում ամբողջությամբ փոխել ասֆալտբետոնե ծածկի վերին շերտը։ Աշխատանքները մեկնարկել են, մի մասն արդեն իսկ կատարված է։ Այս աշխատանքների համար նույնպես լրացուցիչ գումար պետական բյուջեից չի հատկացվել, և շինարարը թերությունները վերացնում է իր միջոցներով»,– ասված է դեպարտամենտի տարածած հաղորդագրության մեջ։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով