Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի նախագահները համատեղ հայտարարությու…

Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի նախագահները համատեղ հայտարարություն են ընդունել, որով անհրաժեշտ են համարել հնարավորինս սեղմ ժամկետներում Հայաստանում համազգային հանրաքվե անցկացնել՝ Եվրամիությանը միանալու կամ Եվրասիական տնտեսական միության կազմում մնալու հարցով։
Համատեղ հայտարարությունը հրապարակել է Կրեմլի պաշտոնական կայքէջը։
Աստանայում մայիսի 29-ին ընդունված հայտարարությունում նշվում է, որ այդ դիրքորոշումը ձևավորվել է՝ հաշվի առնելով Հայաստանի կողմից Եվրամիությանն անդամակցելուն ուղղված քայլերը, այդ թվում՝ 2025 թվականին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված և Հանրապետության նախագահի կողմից ստորագրված «Հայաստանի Հանրապետության՝ Եվրոպական միությանը անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքը, ինչպես նաև 2026 թվականի մայիսի 5-ին կայացած Հայաստան-Եվրամիություն առաջին գագաթնաժողովի արդյունքում ընդունված համատեղ հռչակագրում ԵՄ-ի կողմից Հայաստանի եվրոպական ձգտումների վերահաստատումը։
«Կիսում ենք այն դիրքորոշումը, որ անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետությունում հնարավորինս կարճ ժամկետում անցկացնել համազգային հանրաքվե՝ Եվրամիությանը անդամակցելու կամ Եվրասիական տնտեսական միության կազմում հետագա մնալու հարցով»,- ասված է հայտարարության մեջ։
Փաստաթղթում նաև նշվում է, որ «ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու նախապատրաստման գործընթացի հետ կապված տնտեսական անվտանգության էական ռիսկեր են տեսնում Միության անդամ պետությունների համար»։
Այդ կապակցությամբ որոշվել է, որ Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչները Եվրասիական միջկառավարական խորհրդում 2026 թվականի դեկտեմբերին կայանալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստում կզեկուցեն Հայաստանի Հանրապետության նկատմամբ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի գործողության կասեցման հնարավոր հետևանքների մասին։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով