Ռուսաստանի կողմից հայկական մի շարք ապրանքների ներմուծման նկատմամբ սահմանափակումն…

Ռուսաստանի կողմից հայկական մի շարք ապրանքների ներմուծման նկատմամբ սահմանափակումներ սահմանելու ֆոնին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ արտահանման անարդար խոչընդոտների դեպքում Կառավարությունը սուբսիդավորման և աջակցության ծրագրեր կիրականացնի, իսկ վնասներ կրած արտադրողներին կօգնի նոր շուկաներ գտնել։
Արձակուրդում գտնվող վարչապետն այդ մասին հայտարարել է նախընտրական քարոզարշավի շրջանակներում Գեղարքունիքի մարզի Լճաշեն բնակավայրում բնակիչների հետ հանդիպման ժամանակ։

«Կառավարությունն արդեն որոշում է կայացրել, որ բոլոր այն դեպքերում, երբ արտահանման անարդար խոչընդոտներ եղած կլինեն, մենք աջակցության ծրագրեր կանենք, այդ ապրանքների սուբսիդավորման ծրագրեր կանենք, որպեսզի մեր տնտեսության մեջ տուժողներ չլինեն»,- ասել է նա։

Վարչապետը նշել է, որ խոսքը վերաբերում է այն դեպքերին, երբ խոչընդոտները կապված չեն ապրանքի որակի հետ։ Նրա խոսքով՝ լինում են դեպքեր, երբ արտահանվող ապրանքը չի համապատասխանում որակի ստանդարտներին։

«Մենք չենք կարող անորակ ապրանք արտահանել մեր ինքնիշխանության և պետական շահերի հաշվին։ Մենք այդ գործարարներին աջակցելու ենք, որպեսզի նրանք իրենց ապրանքը բերեն որակի նոր ստանդարտի»,- ընդգծել է Փաշինյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանը արդեն աշխատում է նոր արտահանման շուկաների ուղղությամբ։

«Այսօր արդեն մեր մի քանի բիզնես պատվիրակություններ մեկնել են, շնորհակալ ենք մեր միջազգային գործընկերներին արագ արձագանքման համար, և մենք արդեն կոնկրետ առաջարկներ ունենք վարդերի, միրգ-բանջարեղենի գնման հետ կապված»,- նշել է վարչապետը։

Փաշինյանը նաև կարևորել է արտահանման շուկաների դիվերսիֆիկացումը՝ ընդգծելով, որ Հայաստանի տնտեսությունը չպետք է կախված լինի մեկ ուղղությունից։

«Մենք 100 տոննա պղպեղ ենք արտադրում, մենք չպետք է դրա 90 տոննան մեկ ուղղությամբ արտահանենք, մենք պետք է 25 տոննայով 4 ուղղություններով արտահանենք։ Հետո՝ 5, 6, 7 ուղղություններով։ Սա է այն բանաձևը, որ ես ասում էի՝ անկախությունը քչերից կախվածությունը փոխարինելն է շատերից կախվածությամբ»,- ասել է նա։

Վարչապետի խոսքով՝ նույնիսկ եթե որոշ գյուղմթերք արտահանման խոչընդոտների պատճառով վնասվի, Կառավարությունը պատրաստ է փոխհատուցել տնտեսվարողների կորուստները։

«Բիբար է փչանում, վարդ է փչանում, դրա փողը Կառավարությունը կտա, բայց այս ամենի արդյունքում Հայաստանում պղպեղի արտադրությունն էլ է աճելու, արտահանումն էլ է աճելու»,- հայտարարել է Փաշինյանը։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով