Կառավարությունը հաստատեց Հայաստանի Հանրապետության տարածքից թարմ պտղի, շշալցված խ…

Կառավարությունը հաստատեց Հայաստանի Հանրապետության տարածքից թարմ պտղի, շշալցված խաղողի գինու, բրենդիի և հանքային ջրի արտահանման աջակցության միջոցառումը՝ Ռուսաստանի կողմից հայկական ապրանքների ներմուծման արգելքի կամ սահմանափակումների ֆոնին։
Կառավարությունը նախագծին հավանություն տվեց հունիսի 11-ի նիստի ընթացքում։
Հայաստանի Հանրապետության տարածքից թարմ պտղի, շշալցված խաղողի գինու, բրենդիի և հանքային ջրի արտահանման աջակցության միջոցառումը հաստատելու մասին նախագծի զեկուցող, Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը հիշեցրեց, որ նախորդ շաբաթ Կառավարության կողմից հաստատվել է ՀՀ-ից արտահանվող ջերմատնային արտադրության՝ թարմ լոլիկի, պղպեղի, ելակի և ծաղիկների արտահանմանն աջակցելու միջոցառումը, որի նպատակն է եղել նպաստել արտահանման շուկայի դիվերսիֆիկացմանը և մատակարարման նոր շղթաների ձևավորմանը։
«Այս համատեքստում սույն նախագծով առաջարկվում է հաստատել նույնաբովանդակ երկրորդ միջոցառումը՝ ծիրանի, սալորի, կեռասի, հանքային ջրի և բրենդիի արտահանումը խթանելու նպատակով։
Նախագծով առաջարկվում է հունիս ամսվա ընթացքում արտահանում իրականացնող տնտեսվարողներին տրամադրել փոխհատուցում հետևյալ չափով՝
— ծիրանի մեկ կգ-ի համար՝ 200 դրամ
— սալորի, դեղձի և նեկտարինի 1 կգ-ի համար՝ 250 դրամ
— կեռասի մեկ կգ-ի համար՝ 400 դրամ
— շշալցված խաղողի գինու յուրաքանչյուր մեկ լիտրի համար՝ 350 դրամ
— շշալցված բրենդիի յուրաքանչյուր մեկ բացարձակ լիտրի համար՝ 830 դրամ
— հանքային ջրի համար՝ 150 դրամ»,- ասաց Խոջոյանը։
Նա հավելեց, որ նշված ապրանքների արտահանումը հունիս ամսվա ընթացքում իրականացնելուց հետո փոխհատուցման նպատակով տնտեսվարող սուբյեկտը դիմում է ՀՀ էկոնոմիկայի նախարարություն և ներկայացնում է երկու փաստաթուղթ՝
— Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ արտահանման համար լրացվող տարանցման հայտարարագիր կամ արտահանում մաքսային ընթացակարգով ձևակերպված հայտարարագրի պատճեները
— հաշիվ-ապրանքագիրը
Խոջոյանի խոսքով՝ որոշման նախագծի ընդունումը հնարավորություն կտա դիվերսիֆիկացնել արտահանման շուկաները և նպաստել կազմակերպությունների բնականոն գործունեության իրականացմանը։
Էկոնոմիկայի փոխնախարարը պարզաբանեց, որ նախագիծը վերաբերում է հունիսի 1-ից արտահանումներ իրականացրած տնտեսվարողներին։
Նա տեղեկացրեց, որ հունիսի 1-ից արտահանվել է շուրջ 257 հազար կգ կեռաս, 64 900 կգ ծիրան, և այդ արտահանումներն իրականացրած կազմակերպությունները նույնպես կարող են դիմել այս ծրագրին և ամսվա վերջին ստանալ փոխհատուցում։
ՀՀ էկոնոմիկայի նախարարության վերլուծությունները ցույց են տվել, որ 2026 թ. հունիսի ընթացքում միջոցառման շրջանակում արտահանման ենթակա պտղի ծավալները կկազմեն շուրջ 11.5 հազար տոննա, այդ թվում՝
— ծիրանը՝ 7000
— կեռասը՝ 2000
— սալորը՝ 2000
— դեղձը և նեկտարինը՝ 500
— շշալցված խաղողի գինունը՝ 290 հազար լիտր
— բրենդիինը՝ 800 հազար բացարձակ լիտր
— հանքային ջրինը՝ 2000 հազար լիտր։
https://youtu.be/rBTeEDQbWNM?si=HXIoSjpU7j1CgO_y

Գործադիրը մի շարք ապրանքների արտահանումը խթանելու համար աջակցություն կցուցաբերի

ARMENPRESS NEWS AGENCY
Հետևեք մեզ
Facebook — https://www.facebook.com/armenpress
Telegram — https://t.me/armenpress
Արմենպրեսի պաշտոնական կայք — https://armenpress.am/

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով