Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ Հայաստան-Թուրքիա երկաթուղին հնարավորինս արագ…

Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ Հայաստան-Թուրքիա երկաթուղին հնարավորինս արագ կբացվի
Վարչապետ Փաշինյանը թեմային անդրադարձել է Կառավարության նիստի ընթացքում՝ խոսելով Հայաստանից արտահանվող ապրանքների աշխարհագրության դիվերսիֆիկացմանը և մատակարարման նոր շղթաների ի հայտ գալուն։   
«Այս ընթացքում մենք նաև տրանսպորտային նոր հնարավորություններ ունեցանք․ Ախալքալաք-Կարս երկաթուղու երկու գիծն էլ աշխատում են։ Այս թեմայով նաև Վրաստանի վարչապետի հետ եմ խոսակցություն ունեցել և նա էլ է հավաստիացրել, որ երկու ուղղությամբ էլ որևէ խնդիր չի առաջանա, նաև Թուրքիայի նախագահի հետ ենք այս թեմայով խոսել և նրանք էլ վերահաստատել են, որ այդ ուղղությունները բաց են։ Մենք հույս ունենք, որ Հայաստան-Թուրքիա երկաթուղին էլ հնարավորինս արագ կբացվի, էլ չեմ ասում ԹՐԻՓՓ նախագծի իրագործման շրջանակներում, իհարկե, հնարավորությունները էականորեն կավելանան»,-ասաց վարչապետը։
Ռուսաստանի կողմից հայկական ապրանքների ներմուծման արգելքի կամ սահմանափակումների ֆոնին վարչապետ Փաշինյանը նաև նշեց, որ ՀՀ կառավարությունը միշտ էլ շուկաները դիվերսիֆիկացման ուղղությամբ աշխատել է և դա արդյունք է տալիս։  
«Հիմա մենք պետք է խթանենք լոգիստիկ կենտրոնների ստեղծումը, որպեսզի ենթադրենք լոլիկ արտադրողները կարողանան գտնել բանաձև, որ հանդես գան որպես միասնական արտահանող, որովհետև շատ դեպքերում ապրանքի որակի և ապրանք գնելու նկատմամբ կա հետաքրքրություն, բայց երբ բանը հասնում է ծավալներին, պարզվում է, որ մենք ի վիճակի ենք արտադրել նրանց հետաքրքրող ծավալների մի մասը միայն։ Սա կարելի է կոմպենսացնել կոնսոլիդացված մատակարարումներ իրականացնելով։ Մեգացանցեր կան, որոնք հետաքրքրված են, բայց փոքր ծավալը իրենց համար պրոբլեմ է»,-ասաց Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ Նիդեռլանդների վարչապետը իրեն գրել է նաև անձնական նամակով, որ իրենք հատուկ ուշադրություն են դարձնում և իրենք էլ կաջակցեն, որպեսզի հայկական տնտեսվարողները խնդիր չունենան։  
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով