Բրյուսելում կայացած «Կապակցվածության օրակարգ» (Connectivity Agenda Platform) հարթակի բարձր մակարդակի մեկնարկային միջոցառման շրջանակում լրագրողների հետ զրույցում Ուրալօղլուն նշել է, որ Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի հետ վերջին շրջանում մի քանի հանդիպում է ունեցել։
Նրա խոսքով՝ հանդիպումներ են կայացել Թուրքիայում, Վրաստանում և վերջին անգամ՝ Բրյուսելում։
«Մենք ունենք նախկինում ակտիվորեն օգտագործված երկաթուղային և ավտոմոբիլային անցումներ։ Դրանք հնարավորինս արագ վերագործարկելու ուղղությամբ օրեցօր ընդլայնում ենք համագործակցությունը։ Երկաթուղային և ավտոմոբիլային ենթակառուցվածքների մասով անհրաժեշտ էին որոշակի վերանորոգման և սպասարկման աշխատանքներ։ Մեր կողմից մենք արդեն սկսել ենք այդ աշխատանքները։ Հայկական կողմն էլ հայտնել է, որ այդ ուղղությամբ նախապատրաստական գործընթացներ են իրականացվում, անցկացվել են մրցույթներ, և աշխատանքները գտնվում են մեկնարկի փուլում»,- ասել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարը։
Ուրալօղլուն անդրադարձել է նաև Անիի պատմական կամրջի վերականգնման նախագծին՝ հիշեցնելով, որ Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազի՝ նախորդ ամիս Երևան կատարած այցի ընթացքում ստորագրվել էր համապատասխան համաձայնություն։
«Այդ հարցի շուրջ արդեն անցկացվել են նախնական քննարկումներ։ Մենք ցանկանում ենք անցկացնել երկրորդ հանդիպումը և անմիջապես անցնել մրցութային գործընթացին։ Իրականում խոսքը մի նախագծի մասին է, որը խորհրդանշում է երկու երկրների պատմական կապերը»,- նշել է նա։
Թողնել պատասխան