Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրից այս…

Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրից այս տարվա ընթացքում արդեն օգտվել է 1775 ընտանիք, որոնց տրամադրվել է շուրջ 1.5 միլիարդ դրամի աջակցություն։ Առաջիկա օրերին վճարումներ կստանա ևս 300-400 ընտանիք։ Ծրագրի մեկնարկից ի վեր ծրագրի շահառու է դարձել շուրջ 17 հազար ընտանիք, իսկ պետական բյուջեից հատկացվել է 12.6 միլիարդ դրամ։
Այս մասին տեղեկացրեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթներ համակարգող խորհրդական Գայանե Ղարագյոզյանը՝ ՀՀ ԱՍՀ նախարարին կից հասարակական խորհրդի նիստում։ Նա ընդգծեց, որ 2026 թվականի պետական բյուջեով ծրագրի ֆինանսավորման համար նախատեսվել է 2.4 միլիարդ դրամ։
Ղարագյոզյանը հիշեցրեց՝ ծրագիրը մեկնարկել է 2020 թվականին՝ նպատակ ունենալով բարելավել երեխա ունեցող ընտանիքների բնակարանային պայմանները հատկապես մարզային բնակավայրերում, որտեղ հիփոթեքային շուկան առավել պասիվ էր՝ կանխավճարի ապահովման դժվարությունների պատճառով։ Ծրագրի վերժնաժամկետը սահմանված է 2026 թվականի ավարտը։ 
Անդրադառնալով ծրագրի բաղադրիչներին՝ նշեց, որ  ծրագրի առաջին բաղադրիչը նախատեսված է առնվազն երկու անչափահաս երեխա ունեցող ընտանիքների համար, որոնք ցանկանում են Հայաստանի ցանկացած մարզային բնակավայրում հիփոթեքային վարկով ձեռք բերել բնակարան կամ կառուցել անհատական բնակելի տուն։
Պետական աջակցությունն ուղղվում է կամ կանխավճարի ֆինանսավորմանը, կամ, եթե դրա անհրաժեշտությունը չկա, հիփոթեքային վարկի մայր գումարի մարմանը։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով