Եվրոպայի խորհրդի Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խումբը՝ ԳՐԵԿՈ-ն, հրապարա…

Եվրոպայի խորհրդի Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խումբը՝ ԳՐԵԿՈ-ն, հրապարակել է Հայաստանի վերաբերյալ գնահատման հինգերորդ փուլի համապատասխանության զեկույցը, որի համաձայն՝ Հայաստանը բավարար է կատարել ներկայացված 22 հանձնարարականներից վեցը։
Մնացած հանձնարարականներից 15-ը կատարվել են մասամբ, իսկ մեկը՝ չի կատարվել։ Զեկույցն ընդունվել է հունիսի 8-12-ը Ստրասբուրգում կայացած ԳՐԵԿՈ-ի 103-րդ լիագումար նիստում և հրապարակվել հուլիսի 16-ին։
Բավարար կատարված են համարվել հասարակական հիմունքներով գործող խորհրդականների իրավական կարգավիճակին, ոստիկանության հաղորդակցությանն ու թափանցիկությանը, հակակոռուպցիոն աշխատանքային ծրագրին, ոստիկանների վարքագծի կանոնագրքին և վերապատրաստմանը, ինչպես նաև ոստիկանների կողմից թույլ տրված լուրջ հակաիրավական գործողությունների անկախ քննությանը վերաբերող հանձնարարականները։
ԳՐԵԿՈ-ն բարձրագույն գործադիր մարմինների մասով ողջունել է Հայաստանի ձեռնարկած քայլերը՝ պաշտոնատար անձանց վարքագծի կարգավորման, արարողակարգային ծախսերին վերաբերող գնումների թափանցիկության, քաղաքացիական հասարակության մասնակցության, լոբբինգի, շահերի բախման կանխարգելման և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ռեսուրսների ավելացման ուղղությամբ։
«Ընդհանուր առմամբ, թեև գրեթե բոլոր հանձնարարականների լիարժեք կատարման համար անհրաժեշտ է լրացուցիչ աշխատանք, այնուամենայնիվ, ԳՐԵԿՈ-ն խրախուսում է Հայաստանին շարունակել ջանքեր գործադրել և վստահ է, որ նախատեսված միջոցառումների իրականացումը կամրապնդի դրա հակակոռուպցիոն շրջանակը»,- նշված է զեկույցում։
Իրավապահ մարմինների առնչությամբ ԳՐԵԿՈ-ն արձանագրել է նշանակալի առաջընթաց՝ հատկապես ոստիկանության գործունեության թափանցիկության, հաղորդակցության, հակակոռուպցիոն ծրագրերի, ծառայողների վերապատրաստման և ոստիկանների իրավախախտումների քննության ոլորտներում։
Միաժամանակ արձանագրվել է, որ ոստիկանությունում կանանց ներկայացվածությունը, այդ թվում՝ ղեկավար պաշտոններում, շարունակում է մնալ ցածր։ 2025 թվականին ոստիկանության ղեկավար պաշտոններում կանանց մասնաբաժինը կազմել է 5,8 տոկոս, իսկ ոստիկանությունում ընդհանուր առմամբ՝ 8,7 տոկոս։
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով