Հոմերոսի «Ոդիսական» էպոսի հիման վրա ստեղծվող «Ոդիսևս» միջազգային հեռուստասերիալ…

🔴 Հոմերոսի «Ոդիսական» էպոսի հիման վրա ստեղծվող «Ոդիսևս» միջազգային հեռուստասերիալի նկարահանումները նախատեսվում է իրականացնել Հունաստանում և Հայաստանում
Ինչպես հայտնում է Deadline-ը, նախագիծն իրականացնում են Աթենքում գործող Tanweer Productions ընկերությունը, ամերիկյան Tectonic պրոդյուսերական ընկերությունը և ԱՄՆ-ում գործունեություն ծավալող  USATV հայկական հեռուստաընկերությունը։ Սերիալի շոուռաները «Stranger Things»-ի առաջին եթերաշրջանի գործադիր պրոդյուսեր Կառլ Գայդյուսեկն է։
Նախագծի հեղինակները պատմությունը ներկայացնում են որպես Հոմերոսի հայտնի էպոսի նոր և առավել իրատեսական մեկնաբանություն։ Նրանց խոսքով՝ սերիալը կպատկերի Բրոնզի դարի իրական աշխարհը՝ պատերազմներով, ծովային ճանապարհորդություններով, դավադրություններով և գոյատևման համար պայքարով, ինչպես նաև կանդրադառնա այն պատմական գործընթացներին, որոնք հանգեցրել են Բրոնզի դարի փլուզմանը։
Հեռուստասերիալի մշակումը շարունակվել է մի քանի տարի, իսկ նկարահանումների մեկնարկը նախատեսվում է հաջորդ տարվա սկզբին։
Սերիալի ռեժիսորն է Ռոել Ռեինեն, որը նախկինում աշխատել է «Washington», «Black Sails», «Halo» և «Wu Assassins» նախագծերի վրա։
Գործադիր պրոդյուսերների թվում են USATV-ի ներկայացուցիչ Վահագն Սարգսյանը, Ջորդան Դայքստրան, Դենիսա Յուհոշը, ինչպես նաև Կառլ Գայդյուսեկը, Շոն Ֆինեգանը, Սքոթ Ուինդհաուզերը, Նոյա Լենգը, Բլեյք Հոսը, Ռոել Ռեինեն և Tanweer Productions-ի ներկայացուցիչ Դիոնիսիս Սամիոտիսը։

«Մենք ցանկանում ենք այս էպիկական պատմությունը ներկայացնել հնարավորինս իրական և պատմական իրողություններին մոտ ձևով։ Հոմերոսի ստեղծագործությունում Ոդիսևսի ճանապարհորդությունը խորհրդանշական իմաստ ունի, սակայն դրա հիմքում նաև իրական մարդկային ճակատագրեր, ընտրություններ, կորուստներ և հաղթահարումներ են»,– նշել է Գայդյուսեկը։

Իր հերթին Ջորդան Դայքստրան հայտնել է, որ նախագծի վրա աշխատում են արդեն գրեթե հինգ տարի։
Նրա խոսքով՝ ստեղծագործական թիմի նպատակն է հանդիսատեսին ներկայացնել հին հելլենական աշխարհի հնարավորինս վավերական և հետաքրքիր պատկերը։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով